Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի օգնականը Հայրապետյանների գործով միջամտելու համար չի պատժվի. դատարանը մերժել է բողոքը. «Փաստինֆո»»

Ապրիլ 13,2022 17:11

«Փաստինֆո». Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի կողմից Ռուբիկ և Ռաֆիկ Հայրապետյանների գործով առերևույթ ապօրինի միջամտություն կատարելու դեպքին քրեաիրավական գնահատական այդպես էլ չի տրվի։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, մերժել է Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի կողմից ՀՖՖ նախկին նախագահ Ռուբիկ Հայրապետյանի և վերջինիս որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի գործով առերևույթ ապօրինի միջամտություն կատարելու, ինչպես նաև՝ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ բողոքը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել էր դատախազության կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին ԱԱԾ քննիչի որոշման դեմ բողոքը, ինչն էլ վիճարկվում էր Վերաքննիչ դատարանում։ Փաստաբան Ամրամ Մակինյանը վերաքննիչ բողոքով պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի դատական ակտը՝ կայացնելով նոր դատական ակտ կամ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Վերաքննիչ դատարանը, սակայն, մերժել է բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ Աննա Վարդապետյանի կողմից ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի գործով առերևույթ ապօրինի միջամտություն կատարելու վերաբերյալ տեսագրություն էր տարածվել, համաձայն որի՝ գործը քննող քննիչը դատավարական որոշումների նախնական տարբերակներն ուղարկել է Աննա Վարդապետյանին, որը խմբագրել է դրանք և կրկին ուղարկել քննիչներին։ Տարածվող տեսագրության առթիվ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստել, որոնց հիման վրա ԱԱԾ-ն մերժել էր քրեական գործ հարուցել՝ պատճառաբանելով, թե Փաշինյանի օգնականը որպես փորձագետ է ծանոթացել քննիչի որոշումների հետ եւ խմբագրել դրանք։

Դրան հաջորդել է թելեգրամյան ալիքներով տարածված մեկ այլ ձայնագրություն, համաձայն որի՝ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժնի պետ Արմեն Մարգարյանի տեղակալ Արման Աբրահամյանը ձայնային հաղորդագրություն է ուղարկել նախկին պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործերը քննող քննիչներին՝ տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանը կրկին գնալու է քննչական մարմին։ ԱԱԾ-ն մերժել էր նաև այս դրվագով քրեական գործի հարուցումը։ Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանը նախ՝ դատախազություն էր բողոք ներկայացրել՝ պահանջելով վերացնել որոշումները, իսկ բողոքի մերժումից հետո դիմել դատարան։

Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930