«Եթե ձեր մեջ ուժ գտնեիք եւ որոշեիք անկեղծ խոսել ժողովրդի հետ՝ գաղտնազերծելով բանակցային գործընթացի որոշ մանրամասներ եւ հանձնվեին յոթ շրջաններն առանց կրակոցի, ապա ՀՀ-ն ո՞ր ճանապարհով կընթանար՝ հաշվի առնելով 2020թ․-ի նոյեմբերի իննի դեպքերը»,- ԱԺ լիագումար նիստում այսօր կառավարության ծրագրի կատարման 2021թ․-ի արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։
Նիկոլ Փաշինյանը փոքր-ինչ մտածելուց հետո պատասխանեց․ «Խնդիրն այն է, թե ես կամք չեմ ցուցաբերել եւ չեմ խոսել մարդկանց հետ։ Պետք է խոսեի՝ մարդկանց համոզելու համար կամ այդ թղթերը հանեի ցույց տայի, ասեի, որ հեսա գնալու եմ ստորագրեմ, որովհետեւ ուրիշ տարբերակ չկա։ Բայց ես ինքս ինձ չեմ կարողացել համոզել, որովհետեւ․․․ես ո՞նց կանգնեմ ժողովրդի առաջ եւ ասեմ, որ 30 տարվա զրկանքներն անիմաստ են, ո՞ւմ լեզուն կպտտվի նման բան ասել։ Հեշտ չի դա ասել, բայց այն ժամանակ ընտրությունը դրա մեջ չէր, որ ես ինչ-որ բան համոզեի։ Նախ` ինքս ինձ պետք է համոզեի»։
Փաշինյանի խոսքով՝ երբ նոր է ներգրավվել բանակցային գործընթացներում, ԵԱՀԿ համանախագահողներին հարցրել է՝ այս բանակցային տրամաբանությամբ Արցախը կարո՞ղ է լինել անկախ կամ ՀՀ-ի կազմում․ «Ասել են՝ այո, եթե Ադրբեջանը համաձայնի։ Սա է եղել այդ պահին դրված բանակցային բովանդակությունը սեղանին։ Իսկ ինչի՞ պետք է Ադրբեջանը համաձայնի, որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել։ 2018թ․-ի դրությամբ չկար պատճառ, որն Ադրբեջանին դա կհամոզեր։ 2018թ․-ի դրությամբ առկա բանակցային գործընթացով՝ ՀՀ-ն, իսկ Ադրբեջանը մեծ հաշվով, կորցնում էին իրենց վերահսկողությունն Արցախի կարգավիճակի որոշման վրա, բայց ի տարբերություն ՀՀ-ի, Ադրբեջանն ուներ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 93թ․-ի երեք բանաձեւերը։ Ադրբեջանի երազանքն է եղել, որ հարցը տեղափոխվի ՄԱԿ-ի այդ հարթակ, եւ դա բանակցային բովանդակություն է դարձել 2016թ․-ին»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ