Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Մենք էլ կարո՞ղ էինք ունենալ ղեկավար, որը իր քաղաքացուն մարդատեղ դներ»

Ապրիլ 13,2022 16:16

Քաղաքական-հասարակական գործիչ Ռուբեն Հակոբյանը «Հայելի» ակումբում իր գնահատականը տվեց բրյուսելյան հանդիպումից հետո Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակին:

«Այսօր վիճակը շատ ավել օրհասական է, քան բրյուսելյան հանդիպումից առաջ էր: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն իր ելույթում թվարկեց պահեր, փուլեր, որ կարելի էր ընդհանրապես խուսափել պատերազմից, կարելի էր այն, ինչ նախկինները չէին էլ համաձայնվել, այսինքն, յոթ շրջանները կարելի էր վերադարձնել, բայց պատերազմ չունենայինք, այդքան զոհ չունենայինք: Մտածեցի՝ կարո՞ղ է այս մարդը արդեն հասկացել է, որ պահը օրհասական է: Սպասում էի, որ նույնիսկ կարող է դիմել երեք նախագահներին, քաղաքական ուժերին, որ այս պահին մոռանանք ամեն ինչ, կողք-կողքի կանգնենք, թիկունք-թիկունքի տանք՝ այս օրհասական վիճակից դուրս գալու համար: Բայց ընդամենը մեկ-երկու րոպե հետո հասկացա, որ չէ, նման բան չի կարող լինել:

Նիկոլ Փաշինյանը հասարակությունից էմոցիա գողացող ու իշխանատենչ անձնավորություն է: Ինքը բացարձակապես ադեկվատ չէ այսօրվա հայկական իրականությանը: Միակ բանը, որ նրան հետաքրքրում է՝ իր իշխանությունն է, իշխանատենչությունը: Եվ եթե իմանա, որ իշխանատենչությունը իր համար կապահովի, ասենք, կառավարական առանձնատները, ամեն բանի կգնա:

Երեկ Ալիեւը եռամսյակի հաշվետվություն էր տալիս: Ադրբեջանական բոլոր կայքէջերը նրա ելույթը տվել են ամբողջությամբ: Եվ այն, ինչ Նիկոլ Փաշինյանը բրյուսելյան հանդիպումից հետո չասաց մեր հանրությանը, Ալիեւը շատ անկեղծ խոսեց իր քաղաքացու հետ, պատմեց՝ ինչ է եղել Բրյուսելում: Անդրադառնամ նրա ասածների ռազմավարական նշանակության մի քանի կետերի:

Նախ, Ալիեւը կատեգորիկ, փաստարկված եւ որպես քաղաքական, դիվանագիտական բառապաշարին տիրապետող անձնավորություն՝ ասաց, որ եկել են համոզման եւ ընդունել, որ իրենց առաջարկած հինգ կետերը նշանակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում:

Երկրորդ. Ալիեւն ասում է, որ Մինսկի խումբը փաստացի այլեւս չկա, գոյություն չունի, եւ բացատրում է: Իրենց նպատակը հենց դա է եղել: Եվ շատ կարեւոր է, որ, ըստ էության, եվրամիությունը փոխարինեց Մինսկի խմբին: Այն Եվրամիությունը, որ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներին դրեց Ռուսաստան-Ֆրանսիա, Ռուսաստան-Ամերիկա հակադրության մեջ: Այս պառակտումով Մինսկի խմբի համանախագահ գերտերությունների մեջ պայքար է սկսվելու: Ով փորձի կանգնել Արցախի կողքին, մյուս կողմը ինչ-որ քայլ պետք է անի, որ դա չհաջողի, եւ հակառակը:

Հաջորդը: Ալիեւը շատ բացահայտ ասում է, որ 44-օրյա պատերազմում հայկական կողմը $ 5 միլիարդի զենք է կորցրել եւ դա իր մոտ է: Եվ եզրահանգում է, որ այդ զենքով է Հայաստանը «նվաճել» իր տարածքները ու միջազգային նորմերի սահմաններում ինքը կարող է արգելել, որպեսզի Հայաստանը հետագայում ունենա զենք:

Ալիեւը իր քաղաքացու հետ խոսում էր այնքան ազատ ու անկեղծ, որ ինչ-որ առումով նախանձում ես, ասում. լավ, մենք էլ կարո՞ղ էինք ունենալ ղեկավար, որը իր քաղաքացուն էլ մարդատեղ դներ ու պատմեր, թե ինչ է տեղի ունեցել: Բայց մյուս կողմից էլ Նիկոլ Փաշինյանին հասկանալ կարելի է: Ի՞նչ պետք է պատմեր բրյուսելյան հանդիպման մասին, այն, որ Ալիեւի բոլոր պայմաններն ընդունել է եւ վերադարձե՞լ:

Շատ հետաքրքիր է, որ Ալիևը նաև ասում է, թե ինքն է արգելել, որ հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղ եզրույթը օգտագործվի»,-ասաց Ռուբեն Հակոբյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930