Լրահոս
Օրվա լրահոսը

«1-ին անգամ պատերազմից մի քանի օր անց իմացա, որ բանակում կա սաղավարտի եւ զրահաբաճկոնի խնդիր»․ Փաշինյան

Ապրիլ 13,2022 16:05

«Այնպես չէ, որ Ադրբեջանը եւս ամբողջությամբ լծված է խաղաղության օրակարգին։ Մեր բացթողումներն ու սխալները պատերազմական իրողությունների ժամանակ հաշվի՞ են առնվել, պատրաստվո՞ւմ ենք հավանական լայնածավալ անցանկալի իրողություններին, որոնք ես չեմ բացառում»,- ԱԺ լիագումար նիստում այսօր կառավարության ծրագրի կատարման 2021թ․-ի արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Իհարկե, բացթողումներն ամբողջությամբ չենք ուսումնասիրել։ Բայց ուզում եմ մի բանի մասին էլ ասել։ Չգիտեմ էլ դա սխալ է, թե ոչ։ 2018թ․-ին, երբ ժողովրդական հեղափոխությունը եղավ, մեր քաղաքական մոտեցումն այն էր, որ բանակին հնարավորինս․․․տեսեք՝ բանակում մենք մեր քաղաքական թիմից անգամ մի հոգի չենք նշանակել։ Նախարարը եղել է նախկին կառավարության անդամ, իմիջիայլոց՝ Սերժ Սարգսյանի կառավարության անդամ, նախկինում պաշտպանության փոխնախարար, հեղափոխության պահին՝ ԱԻ նախարար։ Եվ մենք մեր քաղաքական թիմից մի հոգի չենք նշանակել ՊՆ-ում եւ բանակում, որովհետեւ մտածել ենք, որ բանակը․․․ուրիշ ընտանիք է, պետք չի մտնել դրա ներքին հարցերը խառնել»։

Փաշինյանը շարունակեց․ «Վերահաս հասկանալով, որ ամեն պահի վտանգ կա, որ կարող է էսկալացիա լինել, չենք արել այդ գիտակցումով, բայց երեւի դա էլ ենք սխալ արել, որովհետեւ հետահայաց երբ տեսնում ենք եւ տեսանք․․․առաջին անգամ պատերազմի մեկնարկից մի քանի օր անց եմ իմացել, որ բանակում կա սաղավարտի եւ զրահաբաճկոնի խնդիր։ Դժվա՞ր էր առնել։ Նման բաները համակարգային խոցեր են, ուստի մինչեւ վերջ պետք է պարզենք, թե ինչն ինչոց է»։

Աղազարյանը կրկնեց հարցի մի մասը՝ բավարար համարո՞ւմ եք բացասական, լայնամասշտաբ դրսեւորումներին դիմակայելու աշխատանքները։ Փաշինյանը պատասխանեց․ «Իհարկե բավարար չեմ գնահատում։ Ամենադժվար փուլում է իրականում բանակը, տրանսֆորմացիայի փուլը միշտ ամենադժվարն է։ Բարեփոխումների ճանապարհը դժվար է, բայց կան նաեւ օբյեկտիվ սահմանափակումներ, որոնք պետք է հաղթահարվեն։ Այս ամենի արդյունքում ենք որոշել, որ ՊՆ պետք է լինի քաղաքական թիմի ներկայացուցիչ։ Ցավում եմ, որ որոշումը շուտ չեմ կայացրել, բայց վստահ էլ չեմ, որ ի սկզբանե էր պետք այդպես անել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930