Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մարզպետարանում ընդունել է «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյին ու ընկերության այլ ներկայացուցիչների։
Հանդիպումը նախ ճանաչողական էր՝ պաշտոնյաները ծանոթացան միմյանց, ու Ռոման Խուդոլիյը շնորհավորեց Ռոբերտ Ղուկասյանին՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Երկու կողմերն էլ շեշտեցին «Գեոպրոմայնինգի» մասնակցությամբ մարզում գործող երկու ձեռնարկությունների՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» եւ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունների կարեւորագույն դերը մարզի կյանքում։
Այնուհետեւ քննարկվեցին մարզպետարանի ու հատկապես «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի միջեւ համագործակցության, գործընկերային հարաբերությունների, համատեղ համաձայնեցված ներդրումների ու զարգացման ծրագրերի հետ կապված հարցեր, որոնք առաջիկայում առավել մանրամասնորեն կներկայացվեն ու մասնագիտական աշխատանքի արդյունքում շոշափելի կդառնան։
Կարդացեք նաև
Մարզպետն ու «Գեոպրոմայնինգի» ղեկավարը խոսեցին նաեւ երկուստեք հարաբերությունները նոր մակարդակում կայացնելու ճանապարհի մասին։
Պարոն Խուդոլիյը ներկայացրեց իր պատկերացումներն ու այն ծրագրերը, որ նախատեսում է ընկերությունը մարզային կյանքի տարբեր բնագավառներում՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով՝ կարեւորելով համագործակցությունը ՀՀ կառավարության ու մարզպետարանի հետ։
Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար ու փոխանցեց համատեղ աշխատանքի մարզային իշխանության տեսլականը՝ ի շահ Սյունիքի սոցիալ-տնտեսական, կրթական-մշակութային կյանքի զարգացման։
Սյունիքի մարզպետարան