Aravot.am-ի տեղեկություններով, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարզպետարանում քիչ առաջ հանդիպել է մարզում գտնվող «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյի հետ։ Այս հանդիպումը առանձնանում է նրանով, որ առաջին անգամ ընկերության նախագահ մարզպետարան է գալիս հանդիպման: Մինչ օրս Խուդոլիյի հետ բոլոր հանդիպումները մարզի ղեկավարների ու այլ պաշտոնյանների հետ կայացել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Հանդիպումը աշխատանքային բնույթ ուներ, քննարկվել են մարզի սոցիալ–տնտեսական զարգացմանն ուղղված մոտեցումները։
Սյունիքի մարզպետի լրատվության հարցերով օգնական Արմինե Ավագյանը Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում հաստատեց, որ հանդիպումը կայացել է Սյունիքի մարզպետարանի շենքում։ Այլ մանրամասներ չնշելով՝ տիկին Ավագյանը ավելացրեց, որ քիչ հետո պաշտոնական հաղորդագրություն կհրապարակվի։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ