Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ պատճառներ կարող են լինել, որ խաղաղության գնալը կամ լուծումները չստացվեն»․ Փաշինյանը հստակեցրեց

Ապրիլ 13,2022 13:17

«Արցախի հարցի ամենամեծ խնդիրներից մեկը եղել է եւ շարունակում է մնալ այն, որ դրա լուծման այս կամ այն բանաձեւը միայն մեզանից չի կախված։ Ուզում եմ այս նրբությունը խորն ընկալենք։ Կարեւոր է, թե քո տեսակետը որքանով կարող ես առաջ մղել առանց վնասելու ինքդ քեզ»,- ԱԺ լիագումար նիստում այսօր կառավարության ծրագրի կատարման 2021թ․-ի արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա համաձայն է, որ այս թեմայով պետք է սկսել խոսել եւ կարողանալ պատճառահետեւանքային կապերը ճիշտ եւ հստակ ընդգծել․ «Այնպես չի, որ պատմական իրողությունները տանում եմ մեկ տեսանելի տեղ։ Գործընթացը պետք է անընդհատ կառավարվի։ Թեմայի բարդությունը դրանում է։ Պատերազմի ժամանակ էլ եմ ասել, որ բանակցային գործընթացի առանձնահատոկությունն այն է, որ այն, ինչին ՀՀ-ն համաձայնել է, հաջորդ պահին դրան չի համաձայնել Ադրբեջանը։ Այլ է հարցը, որ պետք է գտնենք ճիշտ բալանսը, որում կարող ենք հանգել ինչ-որ լուծումների։ Կարծում եմ՝ այո, մեր առաքելությունն է գնալ լուծումների եւ երկարաժամկետ խաղաղություն ապահովել մեր եւ տարածաշրջանի համար։ Բայց դա չի նշանակում, թե կա երաշխիք, որ մենք դա կարող ենք անել։ Կարող ենք չկարողանալ ամենատարբեր պատճառներով»։

Փաշինյանը հստակեցրեց՝ ի՞նչ պատճառներ կարող են լինել, որ խաղաղության գնալը կամ լուծումները չստացվեն․ «Օրինակ՝ ժողովուրդը կարող է ասել, որ ոչ, ընդունելի չէ։ Կամ միջազգային կոնյունկտուրան դա թույլ չտա։ Իրականում բոլորիս աչքի առաջ աշխարհակարգը փլուզվում է հիմա։ Ի՞նչ է լինելու արդյունքը։ Մեզանից ջանքեր են պահանջվում, որ կարողանանք փոթորիկը հաղթահարել։ Մարդկանց հետ լուրջ հաղորդակցություն պետք է անենք եւ մենք ունենք հնարավորությունը խոսելու, լսելու եւ լեգիտիմ որոշումներ կայացնելու՝ որպես լեգիտիմ իշխանություն»։

Թեմայով հետաքրքրված «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն այսպես արձագանքեց․ «Ինձ համար ընդունելի չէ Արցախի որոշ շերտերի վարքագիծը՝ կապված ՀՀ-ի եւ Արցախի ապագայի հետ։ Նման մարդիկ չպետք է տեղ գտնեն Արցախի կառավարության կազմում, որոնք վտանգում են Արցախի եւ ՀՀ-ի ապագան։ Մենք հարգանքով ենք վերաբերվում Արցախի ժողովրդին, բայց Արցախի կառավարությունում հայտնվում են մարդիկ, որոնք ամեն աստծո օր վտանգում են Արցախն ու ՀՀ-ն։ Չեմ կարծում, որ սա ձեր պարտականությունն է, բայց ուզեցա հրապարակային ասել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930