ԱԺ լիագումար նիստում այսօր կառավարության ծրագրի կատարման 2021թ․-ի արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիքի է Արցախի հարցով ողջ բանակցային գործընթացը գաղտնազերծելու մասին, որովհետեւ ժողովուրդն արժանի է իմանալ նախկինում թաքցվածը, նաեւ նամակագրությունների հետ ծանոթանալ․ «Որովհետեւ ինչպես Սերժ Սարգսյանն է նշել, հաճախ ոչ պաշտոնական հայտարարություններն են ազդեցություն ունեցել գործընթացի վրա։ Որքանո՞վ է հնարավոր մինչեւ խաղաղության պայմանագրի կնքումը բանակցային ողջ գործընթացի գաղտնազերծումը»։
Նիկոլ Փաշինյանը ժպտալով պատասխանեց․ «Գաղտնիք չի էլ մնացել, որովհետեւ ամեն ինչի մասին խոսել ենք։ Մնում է ուղղակի ասածները համադրել։ Մի երկու անճշտություն կա, փաստաթղթերով պետք է ճշտել, թե դա ինչ է, թե որ հանգամանքն է ճիշտը։ Ինչ վերաբերում է նամակագրություններին ու խոսակցություններին, ապա զարմանալի բան ասեմ․ այդ առումով հարուստ նյութ առանձնապես չկա էլ։ 30 տարվա բանակցային գործընթացը մի թղթապանակի մեջ տեղավորվում է։ Կան նաեւ իհարկե շատ կարեւոր խոսակցությունների արձանագրություններ, բայց խնդիրն այն է, որ մենք, որպես իշխանություն, չենք կարող դա անել, որովհետեւ այդ խոսակցությունների մասնակիցների մի մեծ մասն այսօր էլ շարունակում է․․․կամ եթե նույնիսկ չշարունակեին օտար երկրների պաշտոնյաների հետ խոսակցությունները հրապարակել, այդքան էլ ճիշտ չէ, բայց մեր ընդդիմախոսները ժամանակին խոստանում էին, որ փաստեր կհրապարակեն, փաստաթղթեր կհրապարակեն, իրենք կառավարության բաներով․․․արգելանքներով կաշկանդված չեն, թող իրենք հրապարակեն, ես բացարձակ դեմ չեմ»։
Ըստ Փաշինյանի՝ եթե ընդդիմախոսները հրապարակեն, ապա հրապարակվածը ճշգրիտ կապացուցի այն, ինչի մասին ինքն այս ընթացքում խոսել է։
Սոնա Ղազարյանը կարծիք հայտնեց՝ ընդդիմադիրները չեն ընդունում, որ գոյություն է ունեցել Մեղրիի փոխանակման տարբերակ․ «Թվում է, որ աբսուրդի ժանրից դուրս կգանք միայն այն ժամանակ, երբ փաստաթուղթ կհրապարակվի, որպեսզի գերաբսուրդ մտքեր ընդդիմադիրները չարտահայտեն»։ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Այդ փաստաթուղթը վաղուց հրապարակված է։ 2007թ․-ին։ Մնացած փաստաթղթերն էլ են հրապարակվել։ Համացանցում կարելի է գտնել անգամ ձեր ասած Մեղրիի փոխանակման պահը։ Եղել է այդպիսի տարբերակ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ