Արցախի Մարտունի քաղաքում բացվել է հավաբուծարան, որի կառուցման աշխատանքները մեկնարկել էին այս տարվա մարտին։ Բիզնես ծրագրի բյուջեն կազմել է 7 միլիոն դրամ։
«Genesis Armenia-ն Արցախի թիկունքին է, Արցախի անվտանգությունն ու զարգացումը նրա գաղափարախոսության գլխավոր հենասյուներից են: Մենք բարեգործությամբ չենք զբաղվում. մեր հայրենակիցներին տալիս ենք կրթություն, փորձ, հմտություններ, ստեղծում ենք աշխատատեղեր ու արդյունավետ աշխատանքի միջավայր։ Նախատեսում ենք՝ այս թռչնաբուծարանի ստացված շահույթով Արցախում նմանօրինակ մի քանի ծրագիր իրագործել»,-նշեց Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն Աբրահամ Գասպարյանը։
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Վարդանյանը համոզված է, որ բոլոր ծրագրերի հիմքում պետք է լինի նոր աշխատատեղերի ստեղծումը։ «Genesis Armenia-ն առաջիկայում իրականացնելու է ծրագրեր գյուղատնտեսության, այգեգործության ոլորտում, որոնց նպատակը նույնն է՝ ստեղծել նոր աշխատատեղեր, որպեսզի արցախցին մնա Արցախում, աշխատի Արցախում և վստահ լինի, որ իր թիկունքն ամուր է»,- նշեց Վարդանյանը։
Հավաբուծարանի տարածքը տնամերձ է, շահառուի՝ Պավել Ավագյանի տան բակում է կառուցվել։ Աշխատանքը, որն սկսվել է զրոյից, տևել է մեկ ամիս։ Հավաբուծարանում այս պահին կա մոտ 700 հավ և ճուտ։ Նախնական հաշվարկով՝ առաջիկա ամիսներին ճտերի քանակը կավելանա 1200-ից 1500-ով։
Կարդացեք նաև
«Իրացման խնդիր չունենք. Genesis Armenia-ի օգնությամբ ու մասնագետների խորհուրդներով` հստակ պատկերացնում ենք աշխատանքի հետագա ընթացքն ու զարգացումը։ Շատ կարևոր է, որ այսպիսի ծրագրեր շատ լինեն։ Հիմա արցախցուն աշխատանք է պետք, որպեսզի մնա այստեղ և չմտածի գնալու մասին»,- ասաց ծրագրի շահառու Պավել Ավագյանը:
Նորաբաց հավաբուծարանն աշխատանքով է ապահովել 6 մարտունեցու։ Genesis Armenia-ն մտադիր է ընդլայնել ծրագիրն ու ավելացնել նոր աշխատատեղեր։
Genesis Armenia-ն անկուսակցական նախաձեռնություն է՝ ուղեղային կենտրոն/հիմնադրամ, որի նպատակը համահայկական մտավոր ներուժի համախմբումն է, խելամիտ, առարկայական ու երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի միջոցով այդ ներուժը ֆինանսատնտեսական ներդրումների վերածելն ու ծառայեցնելը՝ ի սպաս հայ ժողովրդի ազգային շահերի: Genesis Armenia-ն հայկական մտավոր ներուժը համախմբում է՝ միջազգային հարաբերությունների, անվտանգային քաղաքականության, տնտեսության և բիզնեսի, արդյունաբերության և տեխնոլոգիաների, կրթամշակութային, առողջապահության ու բնապահպանության ոլորտներում` մեկտեղելով մեր հայրենակիցների հետազոտական ունակությունները, համաշխարհային կապերը, լոգիստիկ հնարավորությունները։
Genesis Armenia ուղեղային կենտրոն