Թռչուն էր, պիտի երգեր։ Ծլվլոցի հետ՝ առվի կարկաչը, ծաղկաբույր, շնկշնկան զեփյուռը, քո ապրած արևոտ օրերի հիշողությունը ու բոլոր դառնություններդ փշրող ու ավերող ապստամբ սերը՝ համադամ, սիրուն, ու որսորդի կրակոցը չկա, ու սիրտդ ձեռի հետ շպրտել ես տիեզերքի կենտրոն՝ աջուձախ է անում՝ տիկ֊տակ, տիկ֊տակ՝ ու զարկերի տակ հարվող արյունդ դառնում է լույս, երգ, … Ի՜նչ գունեղ, ի՜նչ ապրեցնող աշխարհ է Հրանտ Թադևոսյանի վրձնով շնչավորված֊արարվածը, ինչքա՜ն արև ու սեր կա։ Ուզում ես դուրս գաս քեզ պաշարող էս վերվարումներից ու գնաս հանգիստ փռվես իր կանաչ դաշտերում, ծաղկունքի մեջ, լուսամած աղջիկների կողքին, մեղրածոր գիշերվա լուսնյակին կռթնած…
Մարդու ունեցած ամենամեծ պարգևը սերն է, աստվածային, լուսածոր սերը՝ արարչական իր հմայքով, ինքափթիթ շքեղությամբ, հավերժության ձեռքին ծլնգացող… Առաջին պահին թվում է՝ վառ գույների առատությունը տարերային հողմապտույտի մեջ առած, պիտի թույլ չտար նկարչի բանաստեղծական ընկալումներին մոտենալ, ու մեղմ, եթերային հույզերը մնալու են հայացքիցդ դուրս՝ քո իմացության ու ընկալողունակության սահմանների խորքերում…
Բայց նկարչի վարպետությունը քեզ կամայական մտորումների չի մղում և ափիդ մեջ աննկատ դնում է բոլոր փականքների մեն մի հատիկ բանալին՝ սերը, և դու իր ներաշխարհի դռները բացուխուփ անելով, գնում ես իր հեքիաթների ետևից։ Ահա, այսպես՝ Հրանտ Թադևոսյանի գեղանկարների ստվար ալբոմը մեր ժամանակների լավագույն նկարիչներից մեկի գունագեղ աշխարհին հաղորդվելու, պատկերների ինքնատիպությամբ ու թարմությամբ սքանչանալու, ինքնամոռաց ճախրանքի հրավեր է՝ մանկությանդ երկինքներում սավառնող հեքիաթային գորգին ու քո Հայրենիքն ավելի սիրուն ես տեսնելու, ու մեզ ճանաչել փորձող եկվորը նաև ի՛ր՝ Հրանտ Թադևոսյան տաղանդավոր նկարչի կտավների միջով է գալու Աստծո ստեղծած մեր իմաստուն ու լուսավոր ազգի ոգու տաճար…
Խաչիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կարդացեք նաև
Բանաստեղծ