Լրահոս
Օրվա լրահոսը

«Չարենցը կապրի այնքան ժամանակ, քանի կա հայ մարդը, քանի կա լյառն Մասիս». Գոհար Չարենց

Ապրիլ 13,2022 12:42

Ամփոփվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի համատեղ կազմակերպած «Կհառնե մշուշից – նաիրյան ոգին» մրցույթի արդյունքները: Հաղթող հինգ աշակերտներին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանձնել է շնորհակալագրեր և խրախուսական նվերներ:

Մրցույթն անցկացվել է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակի շրջանակում 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար: Մինչ պարգևատրումը աշակերտների համար թանգարանում կազմակերպվել է շրջայց: Նրանք ծանոթացել են բանաստեղծի կենսագրության մանրամասներին, կենցաղին ու առօրյային, իրերի ու առանձին ստեղծագործությունների պատմությանը:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է հաղթող աշակերտներին և ընդգծել, որ սա տարվա մեջ նմանատիպ 2-րդ միջոցառումն է Գրքի տոնին նվիրված մրցույթից հետո. «Գրողների կյանքը չենք նշում միայն որպես իրադարձություն, դրանց տալիս ենք հատուկ՝ կրթական նշանակություն, և մրցույթը վերածվում է կրթական գործընթացի: Եվ պատահական չէ, որ այս միջոցառումն անցկացվում է թանգարանում, քանի որ այն ևս կրթամշակութային միջավայր է: Նմանօրինակ միջոցառումները հրաշալի հնարավորություն են նաև տեսնելու, որ մեր դպրոցականներն ընթերցասեր են և կարդում են»:

Փոխնախարարն իրազեկել է, որ տարբեր բովանդակությամբ մրցույթները լինելու են շարունակական, և Հուշարձանների ու տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվան ընդառաջ՝ ևս մեկ մրցույթ է հայտարարվել: Նա հաջողություն է մաղթել աշակերտներին և շնորհակալություն հայտնել դպրոցներին, մանկավարժներին աշակերտներին խրախուսելու, մասնակցության մղելու համար՝ կայացած մրցույթը համարելով համատեղ աշխատանք:

Մրցույթի հաղթողներին շնորհավորել է նաև Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը: Նա ընդգծել է, որ իրենք նաև համագործակցային ծրագրերի իրագործմամբ առանձնահատուկ ուշադրություն են դարձնում թանգարան-դպրոց կապի ամրապնդմանը:

Ի թիվս խրախուսական նվերների՝ աշակերտներին տրվել են նաև «Չարենցի ծիածանված երազը՝ Երկիր Նաիրին» կրթական ծրագրին մասնակցության տոմսեր:

«Ձեր հաղթանակի շնորհիվ ավագ դասարանների համար նախատեսված ծրագրին կարող է մասնակցել ամբողջ դասարանը»,- աշակերտներին տեղեկացրել է Ժաննա Մանուկյանը:

Չարենցի օջախում չարենցասեր աշակերտներին ողջունել է նաև գրողի թոռնուհին՝ Գոհար Չարենցը. «Մեծանուն գրողը հայ ժողովրդի զավակն է, ոսկի երակը հնամյա ցեղի: Չարենցը կյանքն ապրել ու տառապել է ժողովրդի ճակատագրով, նա կապրի այնքան ժամանակ, քանի կա հայ մարդը, քանի կա լյառն Մասիս»:

Ըստ Գոհար Չարենցի՝ ամեն մարդ պետք է գտնի իր Չարենցին: Նա աշակերտներին խորհուրդ է տվել շատ կարդալ պոեզիա, քանի որ այն ազնվացնում է մարդուն:

Թեև աշակերտները մասնագիտական տարբեր կողմնորոշում ունեն, բայց նշել են, որ դա չի խանգարում գրականություն սիրելուն և նմանօրինակ մրցույթներով հետաքրքրվելուն:

«Նախորդ մրցույթին էլ եմ մասնակցել ու շատ էի ուզում հաղթել. այս անգամ ստացվեց»,- ոգևորված պատմել է Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Նարե Շավինյանը և ասմունքել Չարենցի իր ամենասիրելի բանաստեղծությունից («Լուսամփոփի պես աղջիկ») մի հատված: Ըստ աշակերտների՝ այս միջոցառումներն իրենց կրթական առօրյան ավելի հետաքրքիր են դարձնում:

Նշենք, որ մրցույթի նպատակն էր հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի գրական ժառանգության հանրահռչակումը, դպրոցահասակների շրջանում չարենցյան ոգին ճանաչելի դարձնելն ու նրանց՝ գրողի հայրենասիրությամբ տոգորելը:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930