Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումը
Մեղավորությանդ զգացումը պիտի արտահայտվեր քո ու քո քաղաքական թիմի պահվածքում: Բայց ականատես եղանք ճիշտ հակառակին. հոխորտանք, «ինչ կուզենք կանենք», «ում դուր չի գալիս, թող սառը ջուր խմի» ոճի ու հռետորաբանության:
Ընդ որում, որքան ավելի ցածր ռանգի են՝ այդքան ավելի շատ են փքված, գոռոզ ու հոխորտացող:
Միախմբելու փոխարեն էլ ավելի պառակտեցիք հասարակությունը՝ նախկին-ներկա ջրբաժանին գումարելով նաև տարիների պայքար անցած, ձեզ սատարած, բայց ձեր կուսակցության անդամ չհանդիսացող, սեփական տեսակետ, քննադատական մոտեցում ունեցող մարդկանց զգալի բանակ:
Կարդացեք նաև
Պառակտեցիք, որովհետև «միասին՝ հանուն գաղափարի»-ն այլևս կարևոր չէր, կարևոր էր իշխելը, ենթարկեցնելը, թրի տակով անցկացնելը:
Գաղափարի համար տարիներով ձեզ հետ նույն ճամբարում պայքարած մարդիկ վատը դարձան, քաղաքական հաշվարկներով կամ պաշտոնի մոլուցքով ձեր կողքը հայտնվածները՝ լավը:
Որովհետև մասնակցային որոշումների, կարծիքների բախմամբ ճիշտ որոշումների կայացման փոխարեն կարևոր դարձավ վերարտադրվելն ու իշխանություն պահելը:
Վերարտադրվելու ու իշխանությունը պահելու մոլուցքը նախկինում էլ է քաղաքական ուժերին բերել կուրացման, իրականության զգացումը կորցնելուն:
Մեղավորության զգացումը դեստրուկտիվ է, կառուցողականը պատասխանատու վարքագիծն է, որն էլ մեր իրավիճակում պիտի նշանակեր կողքի դնել սեփական ամբիցիաները, խրամատավորման ու ներքին փոխհրաձգության փոխարեն ամեն ինչ անել, որ հնարավորինս շատ և տարբեր հայացքների մարդիկ լծվեին մեկ նպատակի՝ չթողնել, որ Հայաստանն ու Արցախը գահավիժեն: