«Որոշ վայ-ընդդիմադիր ուժեր փորձում են ժողովրդի մեջ թյուր միտք սերմանել, թե իբր ժողովրդավարությունն ու անվտանգությունը պետք է հակադրվեն, այլ կերպ ասած՝ եթե ընտրել ենք ժողովրդավարությունը, ուրեմն զիջում ենք անվտանգությունը։ Ձեր մեկնաբանությունը»,-ԱԺ լիագումար նիստում այսօր կառավարության ծրագրի կատարման 2021թ․-ի արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Այդ հարցը եղել է եւ շարունակելու է լինել։ Պետք է շատ անկեղծ եւ ազնիվ լինենք եւ տեղի ունեցածը գենետիկ մակարդակում հասկանանք։ Մենք իրականում շատ ուշացել ենք ժողովրդավարության հարցում եւ դա է պատճառը, որ առերեսվում ենք այս ամենին։ Չպիտի խոսենք ժողովրդավարության կամ չժողովրդավարության համատեքստում՝ ձեր ասած հարցի կոնտեքստում։ Պետք է խոսենք այն մասին, թե որքան մրցունակ պետություն ենք ստեղծել։ Հարցի պատասխանը բոլոր քաղաքացիները գիտեն։ Սկսած բանակից, շարունակած ոստիկանությունով, քննչական մարմիններով․․․եկեք խոստովանենք, որ վարել ենք պայթյունը հետաձգելու քաղաքականություն, սա հստակ է։ Մենք մեր պատկերացումներին համարժեք մրցունակ պետություն չենք ունեցել։ Եթե ավելի շուտ լինեինք ժողովրդավար․․․չմոռանանք, որ առաջին պատերազմում հաղթանակը տարվել է ժողովրդավարության պայմաններում»։
Փաշինյանը նշեց․ «Արցախի հարցը ՀՀ-ում օգտագործվել է իշխանության հասնելու եւ իշխանություն պահելու համար։ Ո՞վ չգիտի դա, հո գաղտնիք չե՞մ բացահայտելու։ Այո, այդ նույն մարդիկ մտածեցին․․․պատերազմից առաջ էլ էր այդ իրենց պլանը, մտածեցին, որ Արցախի հարցով է պետք․․․իրենք մի անգամ 1998թ․-ին Արցախի հարցով են դա արել, հիմա էլ էլի ուզում են Արցախի հարցով անել՝ միաժամանակ չտալով հարցերի պատասխանները։ Ժողովրդավարությունը նպատակ չէ, այլ միջոց, որ երկիրը լինի մրցունակ։ Ընտրություններից հետո համոզվել ենք, որ խորհրդարանական կառավարման համակարգը ճիշտ ձեւ է»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ