«Դա ակնհայտ է եւ արտահայտվում է հրապարակային հայտարարություններով, ոչ մի գաղտնիք չկա։ Այո, հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել են, որ գործընթացը շարունակվելու է առանց նախապայմանների, եւ մենք այդպես էլ ընկալում ենք եւ գործընթացը շարունակում այդ տրամաբանությամբ»,- ԱԺ լիագումար նիստում այսօր կառավարության ծրագրի կատարման 2021թ․-ի արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի նկատառմանը, որ թեեւ ՀՀ-Թուրքիա երկխոսության գործընթացը, ըստ հայտարարվածի, շարունակվում է առանց նախապայմանների, Թուրքիայի որոշ հայտարարություններ խոսում են այն մասին, որ վերջինս իր գործողություններն Ադրբեջանի գործոնից չի տարանջատում։
Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Միջազգային գործընկերների հետ քննարկումներում ասում ենք՝ տպավորություն ունենք, որ գործընթացը կարող է եւ արագ արդյունքներ չունենալ։ Եթե այդպես լինի, մեծ է հավանականությունը, որ գործընթացը կլճանա, եւ մենք մեր կողմից ամեն ինչ պետք է անենք, որ նման բան չլինի, որ փոքր քայլերով առաջ շարժվենք։ Հասկանում ենք բոլոր խութերը, ռիսկերը, միաժամանակ՝ խոսակցությունը պետք է շարունակվի եւ իրոք դառնա երկխոսություն»։
Սարգիս Խանդանյանը հետաքրքրվեց՝ միջազգային գործընկերների աջակցությունն այդ հարցում բավարա՞ր է, խոչընդոտ կա՞։
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ոչ, գործնականում չկա որեւէ դիմադրություն, լիարժեք աջակցության ցանկություն ենք տեսնում։ Այլ բան, որ զգույշ է պետք լինել այդ աջակցության գործիքների, ձեւերի, չափերի մեջ, որովհետեւ խոսքը երկկողմ հարաբերությունների մասին է։ Իհարկե, այդ հարաբերությունները նաեւ շատ մեծ նշանակություն ունեն միջազգային համատեքստի եւ տարածաշրջանի համատեքստի համար»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ