Մեզ համար անհանդուրժելի երևույթ է հայ ազգի գոյութենական պայքարի խորհրդանիշ Արցախի՝ Հայկական երկրորդ հանրապետության դրոշի շահարկումը տարբեր կողմերի միջև: Մի քանի օր առաջ իր հետապնդած նպատակներով խորթ ԱԺԲ-ն էր Արցախի դրոշը հրապարակային կերպով պղծողը, իսկ երեկ՝ Ազգային Ժողովի անդամ, իր պատկանելիությամբ անհասկանալի ՔՊ-ական պատգամավորն էր այդ խորհրդանիշը ԱԺ ամբիոնից իջեցնողը:
Ազատագրական Շարժումը ավելի քան զայրացնող է համարում այս քստմնելի երևույթը, որովհետև մենք համոզված ենք՝ ինչպիսին էլ լինեն պատճառաբանությունները կամ այս առիթով հնչեցված խոսքերն ու փոխադարձ մեղադրանքները, Արցախի դրոշը ներքաղաքական էժանագին պայքարի առարկա չի կարող լինել: Հայ ազգի լավագույն զավակները Արցախի դրոշը բարձր պահելու համար իրենց կյանքը զոհաբերել են տասնամյակներ շարունակ: Արցախի հայերը այսօր, ամենադժվարին պայմաններում կառչած են մնում հայրենի հողին ու դրոշին, որոնց մենք ազգովին պարտական ենք:
Արցախը համահայկական հպարտանքի առարկան է տարիներ շարունակ ու պիտի շարունակի մնալ յուրաքանչյուր հայորդու ազգային խիղճը ներկայացնող գերագույն խորհրդանիշը: Ազատագրական Շարժման համար Արցախի դրոշը կարմիր գիծ է: Այն վարկաբեկողները պատասխան պիտի տան պատմության ու հայ ազգի առջև, և արդարության դատաստանը ուշ չէ:
Ազատագրական շարժում