«Հայկյաններ» պարային համույթի նպատակն է շարժումներից զատ՝ ուսուցանել նաև ազգային ոգի, պարային հմտություններ, զարգացնել հայ ժողովրդի բնավորությունը նկարագրող վառ արտահայտչամիջոցներից մեկը՝ հայ պարարվեստը։ «Հայկյաններ» պարային համույթը ուսուցանում է դասական, հայկական և տարբեր ազգերի պարեր` վրացական, գնչուական, ռուսական, իսպանական, իտալական, ուկրաինական, հունգարական, մոլդովական, հրեական։
Պարային խումբը հիմնադրվել է 2019 թվականին։ Հիմնադրման մասին խոսելիս՝ Արթուր Հարությունյանը, որը «Բարեկամություն» պետական համույթում և Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում է պարում, նշեց, որ նախաձեռնությունը ընկերոջ հետ համատեղ է իրագործել, սակայն որոշ ժամանակ հետո տարածքի հետ կապված խնդիրների պատճառով դադարեցրին պարապմունքները։
«Եթե երազանք ունես և հավատում ես ուժերիդ, նույնիսկ անհնարինը դառնում է հնարավոր,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Հարությունյանը՝ շարունակելով,-մեր սաները սովորում են հնարավորինս ճիշտ տիրապետել պարարվեստի հիմք հանդիսացող դասական պարին։ Մենք պետք է կարողանանք պահպանել մեր պապերի պարած ազգային պարերը, չմոռանանք և անտարբերության չմատնենք»։
Կարդացեք նաև
Համույթը մշտապես հանդես է եկել տարբեր համերգային ծրագրերով և այսօր էլ ակտիվ գործունեություն է ծավալում` պատրաստվելով առաջիկայում սպասվող համերգների։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Արթուր Հարությունյանը