Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է մշակվեն գնագոյացման միասնական մեխանիզմներ՝ ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկներն ավելի հեշտացնելու համար». «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 13,2022 10:54

Քանի որ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանի տնտեսությունից, վերջինիս հետ կապված շարժերին ուշադրություն չդարձնել չենք կարող։ Հայաստանյան արտահանման էական մասը հենց Ռուսաստանում է իրացվում, եւ ռուսական արժույթի տատանումներն ուղղակիորեն արտահայտվում են հենց մեր տնտեսությունում։ Նաեւ՝ տրանսֆերտների գործոնը կա. ՌԴ-ից դեպի ՀՀ բանկային համակարգով փոխանցված տրանսֆերտների գումարը դոլարային արտահայտությամբ տարեկան միջին հաշվով 1 մլրդ ԱՄՆ դոլար է։ Ռուս-ուկրաինական ճգնաժամի ֆոնին ռուբլին կտրուկ անկումից հետո հիմա նորից արժեւորվում է։

Հաշվի առնելով Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների ամենատարբեր փաթեթների առկայությունը՝ փորձենք հասկանալ՝ այնուամենայնիվ, ինչի՞ արդյունք է այդ արժեւորումը։ Արդյոք դրա շնորհիվ ԵԱՏՄ առեւտրային փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների տեսակարար կշիռը կընդլայնվի՞, եւ ի վերջո, ի՞նչ կտա դա Հայաստանին։ Պարզաբանումների համար «ՀՀ»-ն դիմեց կառավարման փորձագետ, տնտեսագետ Կարեն Սարգսյանին։

-Արեւմտյան երկրների ֆինանսական պատժամիջոցների հետեւանքով ռուսական ռուբլու փոխարժեքը կտրուկ արժեզրկվեց համաշխարհային առաջատար արժույթների նկատմամբ, ինչին ի պատասխան՝ Ռուսաստանի բանկն անմիջապես արժութային ինտերվենցիաներ իրականացնելով ֆինանսական շուկայում՝ փորձեց թույլ չտալ ռուբլու փոխարժեքի ավելի խոր անկում: Նշված միջոցառումը նպաստեց ռուբլու փոխարժեքի որոշակի կայունացմանը կարճաժամկետ հատվածում, սակայն սրան հաջորդած արեւմտյան երկրների նոր ֆինանսական պատժամիջոցները, մասնավորապես, Ռուսաստանի բանկի արտարժութային հաշիվների սառեցումը արտասահմանյան բանկերում, ռուբլու փոխարժեքը կրկին մղեցին կտրուկ անկման: Սա միանգամայն տրամաբանական էր, քանի որ խոսքը ՌԴ արժութային պաշարների շուրջ 50 տոկոսի սառեցման մասին էր, ինչը կենտրոնական բանկին զրկում էր դրամավարկային քաղաքականության ճկունությունից եւ արժութային ինտերվենցիաների իրականացման հնարավորությունից: Ռուսաստանի բանկն իրավիճակը կայունացնելու նպատակով դիմեց դրամավարկային քաղաքականության մեկ այլ գործիքի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման: Ռուսաստանի բանկի տնօրենների խորհրդի որոշմամբ 2022 թ. փետրվարի 28-ից վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվեց մինչեւ տարեկան 20 տոկոսի։

ԵԱՏՄ առեւտրային փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների տեսակարար կշիռը կընդլայնվի՞, թե՞ դեռ շուտ է կանխատեսումներ անելը։

-Անկախ ռուս-ուկրաինական հակամարտությունից եւ ՌԴ հանդեպ պատժամիջոցների սահմանումից, ԵԱՏՄ շրջանակներում, ըստ նախատեսված ռազմավարության աստիճանաբար անցում էր կատարվելու ազգային արժույթների կիրառման, ինչը միանգամայն բնական է տնտեսական ինտեգրման նման պայմաններում: Ուստի աստիճանաբար ԵԱՏՄ երկրներն ակտիվացնում են փոխադարձ հաշվարկներում  միջազգային հիմնական արժույթ համարվող ԱՄՆ դոլարի մասնաբաժնի կրճատման աշխատանքները։ Նշեմ, որ այս աշխատանքները սկսվել են դեռ մեկ տարի առաջ, եւ պատերազմական գործողություններն ընդամենը արագացրեցին այն: Ներկա դրությամբ ԵԱՏՄ տարածքում  հաշվարկների մեծ մասն իրականացվում է ազգային արժույթներով։ Համեմատության համար պետք է նշել, որ  2021 թ. ազգային արժույթներով հաշվարկների տեսակարար կշիռը կազմել է 74 տոկոս, ինչը 2013 թ. համապատասխան ցուցանիշը գերազանցում է 11 տոկոսով: Ավելին՝ 2022 թ. մարտի 17-ին ԵՏՀ խորհրդի նիստի ընթացքում անդամ երկրները քննարկել են փոխադարձ համաձայնությամբ ներմուծման մաքսատուրքերի փոխանցման եւ բաշխման շրջանակներում հաշվարկների իրականացման հնարավորությունը նաեւ ռուսական ռուբլիով: Այս պահին ռուսական ռուբլին գերակշիռ մասնաբաժին ունի փոխադարձ առեւտրում, ինչը բնական է: Սակայն աստիճանաբար մյուս երկրների արժույթների տեսակարար կշիռը կմեծանա: Այդ նպատակով պետք է մշակվեն գնագոյացման միասնական մեխանիզմներ՝ ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկներն ավելի հեշտացնելու համար:

Ի՞նչ կտա սա Հայաստանին։

-Հայաստանի համար սա, բնականաբար, դրական ազդեցություն կունենա, քանի որ մինչ այժմ հիմնական ապրանքների՝ այդ թվում բնական գազի դիմաց վճարումներն իրականացվել են դոլարով, իսկ վերջինս արժութային պաշարների կարեւոր բաղադրիչ է: Փոխարենը այժմ հնարավոր կլինի այդ հաշվարկներում կիրառել մեր տնտեսություն մուտք եղած ռուսական ռուբլին, իսկ այնուհետ նաեւ՝ մեր ազգային վճարամիջոցով հաշվարկներն իրականացնել, ինչը եւս կնպաստի մեր տնտեսության մեջ դրական միտումների ձեւավորմանը:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930