Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Հայաստանը սպառազինության համար միջոցներ հատկացնի, Բաքուն դա կդիտարկի որպես ոչ բարեկամական քայլ:
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմում մենք ոչնչացրել ենք 4-5 մլրդ դոլարի հայկական տեխնիկա: Այդ տեխնիկայի մի մասն առգրավվել է որպես ավար և օգտագործվում է մեր կողմից, մյուս մասը ցուցադրված է Ռազմավարի պուրակում: Հարց է առաջանում՝ աղքատ Հայաստանին որտեղի՞ց այդքան փող: Որտեղի՞ց են այդ վարկերը: Արդյոք այդ վարկերը մարվա՞ծ են, թե՞ ոչ: Թե՞ դրանք ներվել են: Եթե այդ վարկերը չլինեին, միանգամայն վստահ եմ, որ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի անհրաժեշտություն չէր լինի»,- ասել է Ալիևը ընթացիկ տարվա առաջին եռամսյակն ամփոփելիս:
Նրա խոսքով՝ եթե Հայաստանին չհատկացվեին այդպիսի միջոցներ սպառազինության համար, ապա Երևանը «գլուխը կախ կգար պայմանավորվելու» Բաքվի հետ: «Ուստի, եթե Հայաստանի սպառազինության համար միջոցներ հատկացվեն, ապա մենք դա կընկալենք որպես ոչ բարեկամական քայլ և համապատասխան կերպով կարձագանքենք»,- ասել է Ալիևը:
Նա նաև նշել է, որ այս պահին գլխավոր հարցը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումն է: «Ցանկացած կազմակերպություններ, որոնք պատրաստ են ներդրում ունենալ այդ գործընթացում, ընդունելի են: Հայաստանը դրական է վերաբերվել հարաբերությունների կարգավորման մեր հինգ հիմնարար սկզբունքներին: Ես ուզում էի այդ պահը հստակեցնել Բրյուսելի հանդիպմանը և ստացա անհրաժեշտ պատասխանը: Եթե Հայաստանն ընդունում է այդ 5 սկզբունքները, դա նշանակում է, որ Հայաստանը հրաժարվում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններից»,- ընդգծել է նա:
Կարդացեք նաև
Ալիևը նաև նշել է, որ սահմանազատման և խաղաղության պայմանագրի նախապատրաստման գծով հայ-ադրբեջանական աշխատանքային խմբերը կձևավորվեն մինչև ապրիլի վերջ, և պետք է աշխատանքները սկսեն հնարավորինս արագ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ