Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հակառակ դեպքում կստացվի, որ հարթակի գործունեությունը տապալող երկրները «թելում» են Բաքվի ասեղը, որն անընդհատ հայտարարում է, թե Մինսկի խումբն այլեւս անելիք չունի. «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 13,2022 10:27

Ուկրաինական ճգնաժամն օբյեկտիվորեն իր ազդեցությունն է ունենում աշխարհաքաղաքական բոլոր գործընթացների վրա, հատկապես՝ նրանց, որոնցում որոշակի ներգրավվածություն ունի Ռուսաստանը: ՌԴ-ի դեմ հայտարարված ամբողջական պատժամիջոցների շրջանակներում Եվրոպայի երկրները եւ ԱՄՆ-ն միջոցներ են ձեռնարկում ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական ոլորտում, ինչը ենթադրում է Մոսկվայի հետ շփումների (առնվազն այս փուլում) սառեցում գրեթե բոլոր հարթակներում:

Թերեւս, սա նկատի ուներ Սերգեյ Լավրովը, երբ Հայաստանի իր պաշտոնակցի՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարեց, թե Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի համանախագահները ռուսաֆոբիայի համատեքստում, ժխտելով Ռուսաստանին առնչվող ամեն ինչ, հայտարարել են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում չեն ուզում շփվել ՌԴ-ի հետ:

ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունից երկու օր անց, հանգստյան օրերից անմիջապես հետո շատ արագ Հայաստան ժամանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Միանշանակ է, որ Հայաստանի հետ ջերմ հարաբերություններ ունեցող Ֆրանսիան չէր կարող չարձագանքել ՌԴ-ի՝ Հայաստանի շահերը զոհաբերելու մեջ Ֆրանսիային ուղղված խոսքերին: Օպերատիվ կազմակերպված այցը խոսում է հենց այդ մասին: ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Միրզոյանն ու Ռոքֆոյը կարեւորում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ իր մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։

Վերեւում դիտարկված գործընթացներից եւ հայտարարություններից կարելի է անել միայն մեկ հետեւություն՝ աշխարհաքաղաքական ներկա զարգացումների պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի պետություններն առայժմ իրենց առաքելությունը փորձում են շարունակել միմյանցից առանձին: Պարզ է, որ դրանք արդյունավետ կլինեն միայն միասնական հարթակի ձեւաչափում քաղաքական կարգավորման գործընթացներն առաջ տանելու դեպքում: Մյուս կողմից էլ միանշանակ է, որ ուկրաինական ճգնաժամի հաղթահարումից հետո եռանախագահներն իրենց առաքելությունը կիրականացնեն միասին: Նման ակնկալիքների համար հիմք է այն փաստը, որ նախկինում էլ համանախագահող երկրների միջեւ եղել են այդ տարաձայնությունները, սակայն նրանք Արցախի հիմնահարցում ունեցել են միասնական դիրքորոշում:

Հայկական կողմերին մնում է միայն հուսալ, որ ուկրաինական ճգնաժամով պայմանավորված բոլոր պատժամիջոցները ժամանակավոր բնույթ ունեն, եւ պատերազմից հետո կվերականգնվեն համագործակցությունները տարբեր հարթակներում, նաեւ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում: Հակառակ դեպքում կստացվի, որ հարթակի գործունեությունը տապալող երկրները միանշանակ «թելում» են Բաքվի ասեղը, որն անընդհատ հայտարարում է, թե Մինսկի խումբն այլեւս անելիք չունի, որ Բաքուն ագրեսիայով լուծել է Արցախի հարցը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930