Լրահոս
Օրվա լրահոսը

Պարկեշտ եւ մտածող քաղաքացին, որը պրոպագանդիստ չէ, երբեք չի արդարացնի Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա. «Հայացք Երեւանից»

Ապրիլ 13,2022 09:52

Մշակութային եւ գաղափարական իմաստներով արեւմտամետ, ռուսամետ, հակաարեւմտյան եւ հակառուս եզրույթներն անբովանդակ եւ անհեթեթ են։ Իմ համոզմամբ՝ պարկեշտ եւ հասուն մարդը չի կարող դիրքավորվել սրանցից որեւէ մեկի տիրույթում։

Ըստ էության՝ գործ ունենք Սառը պատերազմից ժառանգություն մնացած եւ 21-րդ դարում վերաձեւակերպված քարոզչական ստրուկտուրաների հետ, որոնք պատերազմում են միմյանց դեմ՝ սպասարկելով գերտերությունների շահերը։

Ռուսամետները ներկայացնում են Կրեմլի, «Գազպրոմ»-ի եւ ռուսական հատուկ ծառայությունների հետաքրքրությունները, արեւմտամետներն էլ իրենց ՀԿ-ներով, կրոնական կազմակերպություններով, հիմնադրամներով զինվորագրված են փափուկ ուժի աստիճանական էքսպանսիայի գործին։

Օրինակ՝ պարկեշտ եւ մտածող քաղաքացին, որը պրոպագանդիստ չէ, երբեք չի արդարացնի Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։ Առնվազն կապրումակցի, ցավ եւ ափսոսանք կզգա՝ վերապրելով իր ողբերգությունը։ Բայց այս ամենին զուգընթաց մտածող քաղաքացին նաեւ կհասկանա, որ այսօր Ռուսաստանն է Հայաստանի եւ Արցախի անվտանգության երաշխավորը եւ, առնվազն իր պետության եւ ազգի շահերից ելնելով, զսպվածություն կդրսեւորի։

Կարծում եմ՝ մտավոր մեծ կարողություններ պետք չեն այս բարոյական եւ քաղաքական պարզունակ ճշմարտությունները հասկանալու համար։ Բայց պրոպագանդիստների եւ մոլեռանդների համար ճշմարտություններ գոյություն չունեն։ Ռուսամետները սպասում են, թե երբ պետք է Հայաստանը տարրալուծվի կայսրության անսահմանության մեջ, որ «Бо́же, Царя́ храни́» աղոթքը շշնջալով եւ «Путин сказал армянам давать проход» երգը կլկլացնելով՝ Պսկովում եւ Սարատովում հանգիստ առեւտուր անեն։ Արեւմտամետներն էլ թքած ունեն Արցախի հայաթափման կամ էլ Սյունիքի հնարավոր անեքսիայի վրա, կարեւորը Հայաստանը ժողովրդավարական լինի եւ «քաղաքակիրթ» աշխարհի հետ՝ համերաշխ։ Այսինքն՝ ե՛ւ ռուսամետները, ե՛ւ արեւմտամետները իրենց քաղաքական որոնումներում բացառում են Հայաստանի գոյությունը, միգուցե նույնիսկ չեն էլ գիտակցում, որ իրենց գործողությունների վերջնարդյունքը հենց դա է։

Այս հարցում ես չեմ քննադատի Կառավարությանը, ինչպես որ չեմ քննադատում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պարագայում։ Մոտեցումն այս ամենեւին էլ չպետք է շփոթել անձնատուր լինելու հուսահատ քայլի հետ։

Կարպիս ՓԱՇՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ACNIS reView Հայացք Երեւանից կայքէջի acnis.am 2022թ.-ի 12-րդ համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930