Այդ օրը (կարծեմ՝ մարտի 21-ն էր) «Երեւան մոլ»-ի Քարֆուր սուպերմարկետը բարձրախոսով, հայերենին զուգահեռ ռուսերենով, տեղեկատվություն էր տարածում: Պատճառը, իհարկե, պարզ է. Երեւանում մեծ թվով Ռուսաստանից արագորեն հեռացած ռուսներ կան, որոնք օգտվում են Քարֆուրից: Թեպետ առեւտրի նույն հիմնարկությունից օգտվում են նաեւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ եւ այլ օտարերկրացիներ, սակայն Քարֆուրը, բնականաբար, նրանց համար ֆրանսերենով կամ անգլերենով բարձրախոսով հայտարարություններ չի անում:
Այսպես հուշիկ, աննկատ ռուսերենը նորից կմտնի Հայաստանի հասարակական կյանքի այլ վայրեր. սուպերմարկետներից՝ դպրոցներ, բուհեր, պետական ապարատ եւ այլուր: Ու Պուտինի երազանքը՝ Հայաստանում բացել ռուսական դպրոցները, կսկսի միս ու արյուն ստանալ:
… Մենք տեսել ենք Հայաստանում ռուսական դպրոցների ծաղկումը, ռուսական կրթություն ունեցող առանձնաշնորհյալներին, հայկական բանասիրական կրթություն ստացածներին լուսանցք մղելու քաղաքականությունը, եւ մեզ համար ակնհայտ է՝ հայոց լեզվի, ազգային կրթության ու մշակույթի հանդեպ ցանկացած բացահայտ կամ հուշիկ, գիտակցված կամ ակամա ոտնձգություն քաղաքական ծանր հետեւանքներ է ունենում հայ ժողովրդի համար:
Նարինե ՄԿՐՏՉՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ACNIS reView «Հայացք Երեւանից» կայքէջի 12-րդ համարում։