Լրահոս
Օրվա լրահոսը

Հինը հնացել է, նորը չի ստեղծվել

Ապրիլ 13,2022 10:00

Ընդդիմությունն Ազգային Ժողովում երեկ ֆլեշմոբ անցկացրեց՝ փակցնելով Արցախի դրոշները: ՔՊ-ն, ի պատասխան, անցկացրեց իր ֆլեշմոբը՝ բոցաշունչ ճառերով անարգանքի սյանը գամելով ընդդիմությանը՝ «բա որ դուք թալանում էիք» հայտնի երգի մոտիվներով: Առօրյա, սովորական քաղաքական պայքար է, որը, բնականաբար, չի կարող անդրադառնալ խնդրի արմատներին:

Ի նպաստ ընդդիմության դիրքորոշմանը՝ կարելի է ասել, որ 2020 թվականի պատերազմի եւ Արցախի մեծ մասը կորցնելու ժամանակ զինված ուժերի գլխավոր հրամանատարը Նիկոլ Փաշինյանն էր, եւ ոչ մի հռետորական հնարք չի կարող փոխել այդ փաստը: Իշխանության տեսակետների մեջ ճշմարտությունը, թերեւս, այն է, որ պետությունը, ինչպես հայտնի է, հասարակական պայմանագիր է, եւ երբ այդ պայմանագիրը երկար ժամանակ՝ 1995-2018 թվականներին, խախտվում էր, այսինքն, իշխանությունն իրեն «փաթաթում էր» քաղաքացիների վզին, դժվար է ակնկալել, որ պետական ինստիտուտները կարող են արդյունավետ աշխատել: Այստեղ է, իմ կարծիքով, խնդրի արմատը եւ ոչ թե նախկինների կոռուպցիայի կամ ներկաների մանկամտության կամ դիլետանտիզմի մեջ:

Որպեսզի ասածս ավելի պարզ լինի, փորձեմ դա բացատրել այլաբանությամբ, որը կապված է այսօրվա ամենաարդիական թեմայի՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետ: Այդ պատերազմում ռուսական բանակը լուրջ խնդրի առաջ է կանգնել՝ երեք օրում գրավել Կիեւը, ինչպես որ նախատեսվում էր, չի ստացվել: Պատերազմը ձեռք է բերել ծանր եւ երկարատեւ բնույթ: Մարտական գործողությունները շարունակելու համար պետք են մարդկային թարմ ռեզերվներ եւ նոր զինտեխնիկա: Զինատեսակների առումով՝ Ռուսաստանը պահուստներ ունի, այն, ինչ մենք պայմանականորեն անվանում ենք՝ «80-ականների զենք», որն, ի դեպ, մասնագետների կարծիքով, սկզբունքորեն վատը չէ:

Իհարկե, Ռուսաստանի համար իդեալական կլիներ ամեն օր կամ օրումեջ արտադրել նոր տանկ կամ հետեւակի մարտական մեքենա եւ անմիջապես ուղարկել դրանք ռազմաճակատ: Բայց այդպիսի հզորություն այդ երկրի ռազմարդյունաբերությունը չունի: Մյուս կողմից՝ «80-ականների զենքն» աշխատեցնելն էլ խիստ խնդրահարույց է: Պատկերացրեք, դուք 1980 թվականին գնել եք ավտոմեքենա, որը տասը տարի քշելուց հետո կանգնեցրել եք ավտոտնակում (դա լավագույն դեպքում, իսկ հնարավոր է նաեւ՝ արեւի ու անձրեւի տակ) ու ձեռք չեք տվել: Դուք կկարողանա՞ք այդ մեքենան աշխատեցնել առանց հիմնանորոգման վրա մեծ գումարներ ծախսելու:

Կարծում եմ՝ այլաբանությունը պարզ է: Մինչեւ անկախությունը՝ մենք ունեցել ենք լավ թե վատ աշխատող պետական ինստիտուտներ: Անկախությունից հետո դրանց վրա նորը ստեղծելու ոչ այնքան հաջող փորձեր արվեցին: Երեք տասնամյակների ընթացքում  հին կարգավորումներն անպետք դարձան: Վերանորոգելը թանկ է եւ անիմաստ: Նորերը ստեղծելը, բնականաբար, ավելի ծախսատար է, հաշվի առնելով այն, որ այս ողջ ընթացքում եւ հատկապե՛ս վերջին չորս տարում, մենք դրա մասին առանձնապես հոգ չենք տարել: Այս պահին ինչ-որ բան փոխելը անհրաժեշտ է, բայց մեզ վրա շատ թանկ կնստի: Արդյո՞ք մեր հասարակությունը պատրաստ է վճարել այդ գինը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ says:

    Նախկինների մեղքը ոչ թե այն է,որ նրանք թալանել են երկիրը 30 տարի,այլ այն,որ թալանի հետևից ընկնելով,անտեսել են Արցախի հարցը և չեն պարտադրել Ադրբեջանին խաղաղության պայմանագիր և Արցախի ճանաչում։
    30 տարի շարունակ, Ադրբեջանը իմիտացիա է ստեղծել թե իբր բանակցում է ,բայց Արցախի հարցի լուծումը պատկերացրել է միայն ռազմական ճանապարհով։
    Արդյոք Քոչարյանը,Սարգսյանը չէին տեսնում,որ Ադրբեջանը Մինսկի խումբը օգտագործում է միայն ժամանակ շահելու համար,որպեսզի էլ ավելի ուժեղ զինվի և ամրապնդի իր դիրքերը միջազգային հանրության մոտ և ներկայացնի ինքն իրեն որպես հայկական ագրեսիայի զոհ։
    Իհարկե,Քոչարյանը հասկանում էր,բայց քանի որ նա զբաղված էր հարստանալով,չէր ուզում շեղվել իր նպատակից։Եվ հենց այս կոնտեքստում է պետք դիտարկել քոչարյանի ընտանիքի հարստացումը կամ թալանը,որը մեզ վրա շատ ծանր անդրադարձավ ոչ թե այն պատճառով որ այդ մի քանի միլիարդ դոլարը չգնաց Հայաստանի բյուջե (թեև դա ևս կարևոր է) այլ այն, որ մենք կորցրինք այն կարևոր ժամանակը երբ կարող էինք շատ ավելի հեշտ Արցախի հայանպաստ հարցը կարգավորել։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930