Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը դեռ պատերազմի ժամանակ է անոնսել ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը փոխելու իր ցանկության մասին»

Ապրիլ 13,2022 14:00

«Եթե ոչ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ, ապա վստահ՝ աջակցությամբ, ականատեսն ենք տարիներ շարունակ գործող Մինսկի խմբի եռանախագահության ձեւաչափի վախճանին։ Հիմա պետք է հասկանալ, այս պայմաններում ՄԽ-ին փոխարինելու է Ռուսաստա՞նը, թե՞ Արեւմուտքը»,- «Առավոտի» զրուցակիցն է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

– Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցից հետո, տարատեսակ մեկնաբանություններ հնչեցին, տեսակետ եղավ նաեւ, որ այցը նպատակ ուներ ՌԴ-ին արցախյան հակամարտության կարգավորման գործընթացից դուրս չթողնել: Ինչպե՞ս եք գնահատում այդ այցը, դրան հաջորդած զարգացումները՝ Լավրով-Միրզոյան հանդիպումը, հնչած հայտարարությունները։

– Նախ արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցը տեղի է ունեցել Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության ֆոնին սկիզբ առած աննախադեպ ռուսաֆոբության պայմաններում: Ավելի պատկերավոր, տեսարանն այսպիսին է՝ Նիկոլ Փաշինյանի համար խնդիր չէ ռուսաֆոբների միջավայրում եւ միջնորդությամբ Ալիեւի հետ խաղաղության համաձայնագրի բանակցություններ վարելը։ Գիտեք, ես հասկանում եմ, որ դուք հիմա կարող եք ասել, որ մենք պետք է չեզոք դիրքերում լինենք Ռուսաստան-Արեւմուտք այս հակամարտության ֆոնին, մեր խնդիրների լուծման համար կարեւոր չէ, որ միջավայրում ես, բայց կան պարզ իրողություններ, որոնց հետ պարզապես հաշվի չնստել չես կարող. մենք չենք կարող հաշվի չնստել այն պարզ ճշմարտության հետ, որ նոր աշխարհակարգ է ձեւավորվում, որում «եւ-եւ»-ն այլեւս չաշխատող է, եթե չասեմ՝ լի աղետաբերությամբ: Մենք չենք կարող հաշվի չնստել այն պարզ ճշմարտության հետ, որ արցախցիների անվտանգությունն այսօր ապահովում են ռուս խաղաղապահները, իհարկե, որոշ բացթողումներով, ինչպես, օրինակ, Փառուխի դեպքերն են։ Այս պայմաններում գնալ Ալիեւի հետ բանակցություններ վարել, բառ անգամ չարտաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, չհիշատակել Արցախն ու ղարաբաղյան հակամարտությունը, Ադրբեջանում պահվող ռազմագերիների կարգավիճակն էլ հավասարեցնել արցախյան առաջին պատերազմում անհետ կորածների կարգավիճակի հետ, իհարկե, չի կարող ընդունելի լինել։ Եվ այս պայմաններում, սպասելի էր Լավրովի արձագանքը Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։ Արձանագրենք, որ Լավրովն անուղղակի մեղադրեց Փաշինյանին՝ իրենց թիկունքում հակառուսական խաղեր տալու մեջ, ուղիղ տեքստով նաեւ հայտարարելով, որ սահմանազատման եւ սահմանագծման պայմանավորվածություն կողմերը ձեռք են բերել դեռ անցած տարվա նոյեմբերին Սոչիում՝ Փաշինյան-Պուտին-Ալիեւ համատեղ հանդիպման ժամանակ եւ հիմա այն իբր բրյուսելյան ձեռքբերում մատուցելը՝ ռուսական կողմի համար ընդունելի չէ։

– Լավրովը նաեւ արձանագրեց Մինսկի խմբի վախճանը, ինչը, սակայն, չեն կիսում մյուս երկու համանախագահող երկրները։

– Ես ձեզ ուզում եմ հիշեցնել դեռ մեկ ամիս առաջ ունեցած մեր հարցազրույցը, երբ արձանագրել էի, որ չնայած տարիներ շարունակ առկա Ռուսաստան-Արեւմուտք խնդիրներին, Արցախը միշտ եղել է այն քիչ կետերից մեկը, ուր ՌԴ-ի, ԱՄՆ-ի պատկերացումները համադրելի են եղել, եւ հռետորական հարցադրում էի հնչեցրել՝ թե այսօրվա առճակատման պայմաններում, արդյո՞ք հնարավոր է պահպանել այդ մակարդակը, մի բան, որը մեզ համար միշտ կարեւոր է եղել, որովհետեւ տարիներ շարունակ Ադրբեջանը դեմ է եղել Մինսկի խմբին, Թուրքիայի նպատակն էլ եղել է ՌԴ-ին այդ ձեւաչափից դուրս մղելը։ Հիմա ի՞նչ է արձանագրում Լավրովը, որ փաստորեն Արեւմուտքը չեղարկել է Մինսկի խմբի եռանախագահությունը։ Որքանո՞վ սրան նպաստեց Փաշինյանի բրյուսելյան այցը, երբ այդ այցից առաջ, ադրբեջանական 5 կետերին ի պատասխան, հայկական կողմն, այսպես կոչված, լրացումներ է ուղարկում Մինսկի խմբին ու ոչ մի բառ ձեւաչափի եւ այդ լրացումների մասին չի խոսում նույն Բրյուսելում։ Ակնահայտ է, որ հակառուսական իր պահվածքով, գուցե ոչ այդքան ցայտուն, Նիկոլ Փաշինյանը փորձում է առանձին կամ Արեւմուտքի աջակցությամբ, երկխոսել Ալիեւի ու Էրդողանի հետ, իսկ դրա աղետալի հետեւանքները մենք մեկ անգամ արդեն տեսել ենք։ Ի դեպ, ես ձեզ ուզում եմ հիշեցնել նաեւ, դեռ պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 1-ին, Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթում հայտնված «Բանակցային ֆորմատը փոխելու ժամանակը» վերտառությամբ խմբագրականում հեղինակը (գուշակել կարելի է, թե ով) փաստացի առաջարկում էր ՄԽ ձեւաչափի փոփոխություն եւ ուղիղ բանակցություններ Թուրքիայի հետ։ Ի դեպ, նման մտքեր կարելի է հանդիպել նաեւ Նիկոլ Փաշինյանի գրքում։ Ուստի, եթե ոչ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ, ապա վստահ՝ աջակցությամբ, ականատեսն ենք տարիներ շարունակ գործող Մինսկի խմբի եռանախագահության ձեւաչափի վախճանին։ Հիմա պետք է հասկանալ, այս պայմաններում ՄԽ-ին փոխարինելու է Ռուսաստա՞նը, թե՞ Արեւմուտքը։

– Ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցից առաջ հանրահավաք հրավիրեց։ Նախապես հայտարարվել էր, որ հանրահավաքը լինելու է «ստուգողական»՝ հասկանալու համար, թե հանրությունից ի՞նչ ազդակ է ստանում ընդդիմությունը։ Ամփոփվե՞լ են հանրահավաքի արդյունքները, ի՞նչ ուղերձ են ստացել ընդդիմադիր քաղաքական ուժերը եւ կարծում եք արդյոք, որ այն բրյուսելյան այցից առաջ որոշակի կանխարգելիչ աշխատանք կատարեց։

– Նախ կարծում եմ՝ շատ կարեւոր էր, որ հանրահավաքը տեղի ունեցավ հենց Բրյուսելից առաջ. Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիեւն ու միջազգային հանրությունը տեսան եւ համոզվեցին, որ Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ՝ Հայաստանը նոր զիջումների տանելու։ Ինչ էր ասում այս իշխանությունը, թե վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենք ստացել են մանդատ եւ այդ մանդատը նաեւ մեկնաբանվում էր նոր զիջումների գնալու համատեքստում։ Ապրիլի 5-ի բազմամարդ հանրահավաքը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը սխալ է հասկացել կամ սխալ է մեկնաբանում այդ «մանդատը» եւ մոլորված քաղաքացիներից ստացած քվեն այլ նպատակների համար է ցանկանում ծառայեցնել։ Այդ առումով շատ կարեւոր է բազմամարդությունը, եւ պատահական չէ, որ հանրահավաքից առաջ մենք հենց այդ ուղերձն էինք փորձում հասցնել հասարակությանը, որ յուրաքանչյուրիդ ներկայությունը պարտադիր է, սիրելի հայրենակից, արի եւ ցույց տուր, որ Արցախը զիջելու, ՀՀ անվտանգությունը նոր ռիսկերի տակ դնելու, Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը զոհաբերելու մանդատ այս իշխանությունը չունի։ Այդ առումով, ես կարծում եմ, մեր քաղաքացին հասել է իր նպատակին, ինչի վկայությունն էր նաեւ հանրահավաքի վերջում ժողովրդի անունից ընդունված հայտարարության տեքստը, որում շարադրված են մեր ժողովրդի կարմիր գծերը, այն կարմիր գծերը, որոնք որեւէ իշխանություն անցնել չի կարող:

– Հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ ընդդիմությունն ունի գործողությունների ծրագիր։ Ո՞րն է դա։

– Ցանկացած ամենափայլուն ծրագիր առ ոչինչ է, որը չունի հանրային լայն աջակցություն եւ որը գործողության դնելու ժամանակ չի դառնում համաժողովրդական։ Այս առումով, առանց խորանալու ծրագրի մանրամասների մեջ, միայն կասեմ, որ մեր առաջնային նպատակը այն վտանգները, որ կանգնած են այսօր մեր երկրի առջեւ, մինչեւ ամենահեռավոր գյուղեր հասցնելն է: Այդ առումով նաեւ լայն իրազեկման ակցիաներ ենք անում։ Դուք կարող եք ասել, բայց չէ՞ որ բոլորը ամեն ինչ գիտեն, թույլ տվեք չհամաձայնել. նաեւ մեր շփումները, հատկապես մարզերի բնակչության հետ, որոնց տեղեկատվության միակ աղբյուրը երբեմն պետական քարոզչամեքենան է, փաստում են, որ իրավիճակը շատ հստակ գնահատելուց հեռու են։

– Ուշագրավ էր, որ հանրահավաքին մասնակցում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հայտարարվեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վնասվածքի պատճառով չի կարող մասնակցել։ Այնուամենայնիվ, տպավորություն կա, որ ընդդիմության ներսում դերերի վերաբաշխում է տեղի ունեցել։ Ի՞նչ կասեք այդ մասին։

– Գիտեք, ես կարծում եմ սա արհեստական հարցադրում է, որքան էլ լրագրողական, բայց՝ ոչ քաղաքական։ Դուք գիտեք, որ հանրահավաքը հրավիրել էին երկու ընդդիմադիր խմբակցությունները՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ», եւ այս համատեքստում երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի մասնակցությունը բնական էր:

Ինձ համար սպասելի էր այն արձագանքը, որ եղավ հանրահավաքին երկրորդ նախագահ, խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության քաղաքական ղեկավարի բացակայությամբ պայմանավորված: Ինչ-որ տեղ, նաեւ կանխատեսելի էին այն դավադրությունները, որ հյուսվեցին նախագահի շուրջ, բայց ուզում եմ ասել, որ դրանք կյանք չունեցող են։ Կարող եմ ասել, որ նախագահի առողջական վիճակն արդեն բարելավվում է եւ նա շուտով կվերսկսի ակտիվ աշխատանքները։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
12.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930