Լրահոս
Օրվա լրահոսը

«3 սոպրանոն» վերադարձավ

Ապրիլ 13,2022 13:00

Մշակույթի տարբեր ոլորտներում ստեղծագործող արվեստագետները բոլոր ժամանակներում չբավարարվելով իրենց հիմնական աշխատավայրում, օրինակ՝ թատրոնում, գործունեություն ծավալելուց, հանդես են եկել տարբեր նախագծերով։ Ասվածի փայլուն դրսեւորում է աշխարհահռչակ «Երեք տենոր» նախագիծը՝ իսպանացի օպերային երգիչներ Պլասիդո Դոմինգոյի, Խոսե Կարերասի եւ իտալացի Լուչանա Պավարոտիի մասնակցությամբ։ Հիշյալ նախագծի առաջին համերգից հետո (1990թ.), չնայած տրիոյի հիանալի կատարումներին, քննադատություններ են հնչել, թե փառքի հասած, հեղինակավոր օպերային թատրոնների բեմերը գրաված արտիստները ինչու են «էժանացնում» իրենց՝ հանուն գումարի ներխուժելով շոու-բիզնես։

Բայց այդ ժամանակ քչերը գիտեին, որ իտալացի ռեժիսոր Մարիո Դրադեն համերգը կազմակերպել էր մեկ նպատակով. ողջունելու լեյկոզը հաղթահարած Խոսե Կարերասի վերադարձը օպերային արվեստ՝ հրավիրելով նրա գործընկերներին՝ Պավարոտին եւ Դոմինգոյին։ Լոս Անջելեսի «Դոջեր» ստադիոնում կայացած երեք տենորների համերգը, փաստորեն, այդ նախագծի հաղթարշավի սկիզբն էր, որը շարունակվեց մինչեւ 2003թ.: Տարիների ընթացքում նախագիծը ներկայացվում էր ոչ միայն դահլիճներում, այլեւ լեփ-լեցուն ստադիոններում, այդ թվում՝ Մայամիի, Բարսելոնայի, Վանկուվերի եւ այլն։ Ով կմտածեր, որ նման հաջողությունից հետո Հյուսթոնի ստադիոնում նշանակված համերգը տեղի չէր ունենալու տոմսերի քիչ քանակի վաճառքի պատճառով, ինչն էլ կարծես թեւաթափ արեց աշխարհահռչակ տենորներին։

Այդ նախագծի օրինակով ԱՄՆ-ում ստեղծվել է «Երեք սոպրանո» նախագիծը՝ օպերային հայտնի երգչուհիներ Կասելոյի, Լաուրենսեի եւ մեր հայրենակցուհի Քալեն Էսպիրյանի մասնակցությամբ։ Եվ ահա Երեւանի օպերային թատրոնի մեներգչուհի Մագդա Մկրտչյանը, որը համերգներով ժամանակին գտնվում էր ԱՄՆ-ում, բեմ բարձրանալով Քալեն Էսպիրյանի հետ, նրանից է տեղեկանում, որ տենորների օրինակով կա նաեւ «Երեք սոպրանո» նախագիծ։


Երգչուհին՝ հայրենիք վերադառնալուն պես, թատրոնի գործընկերների՝ ճանաչված սոպրանոներ Մարինե Դեինյանի եւ Նունե Բադալյանի հետ ծրագիր են կազմում «Երեք սոպրանո» խորագրով եւ ռոյալի նվագակցությամբ սկսում «փորձարկել» Երեւանում՝ Կամերային երաժշտության տանը, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, ինչպես նաեւ Հնդկաստանում, Թուրքիայում եւ Վրաստանում։

Նախագիծը հավանության է արժանանում դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի կողմից, եւ 2010-ին արդեն պաշտոնապես օպերային թատրոնում կայանում է առաջին համերգը՝ թատրոնի նվագախմբի ընկերակցությամբ։ Օպերայում կայացած համերգի համար, որտեղ տեղ էին գտել հայկական ժողովրդական, աշուղական, հայ եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ, հատուկ նվագախմբի համար մշակումներ է արել երջանկահիշատակ կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը։ Թեեւ արձագանքները դրական ու ոգեւորող էին, բայց նախագիծը շարունակություն չունեցավ։ Միայն տասներկու տարի անց, ապրիլի 7-ին, նախագիծը վերադարձավ օպերային բեմ, դարձյալ նույն կազմով, բայց այս անգամ երգչուհիները՝ ՀՀ վաստակավոր արտիստի կոչումներով։


«Առավոտը» հետաքրքրվեց՝ թե նախագծի վերադարձը ո՞ւմ շնորհիվ էր։ Մագդա Մկրտչյանը հայտնեց, որ մաեստրո Դուրգարյանի առաջարկով է վերականգնվել նախագիծը, ինչը իսկապես անակնկալ էր իրենց համար ու առավել եւս հաճելի, որ տարիների լռությունից հետո առաջին համերգը նշանակվեց հենց ապրիլի 7-ին։ Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ նախագիծը կունենա շարունակություն, այլեւս տեղ կգտնի թատրոնի խաղացանկում եւ կներկայացվեն միայն հայկական ստեղծագործություններ՝ ժողովրդական երգերից մինչեւ Կոմիտաս ու կոմպոզիտորական արվեստի հայ հեղինակներ։ Հատուկ շեշտեց, որ դա թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանի գաղափարն է։ Ասվածի ապացույցն են Խաչատուր Ավետիսյանի, Արտեմի Այվազյանի, Ալեքսանդր Դոլուխանյանի, Մելիք Մավիսակալյանի ստեղծագործությունները, որոնք Մավիսակալյանի մշակմամբ առաջին անգամ էին տեղ գտել նախագծում։ Մատուցվեցին նաեւ շաքարյանական մշակումները, Հայկական ժողովրդական երգերի փունջ, որտեղ տեղ էին գտել Կոմիտասի 5 ստեղծագործություններ, Երեք երգերի պոպուրին՝ Սայաթ-Նովա, ժողովրդական երգ, Դոլուխանյան եւ Ռոմանոս Մելիքյանի «Վարդը» ու Ռոնդո ձեւաչափով Կոմիտասի երեք երգերը։ Նշենք, որ հանդիսատեսը իսկապես ջերմ ընդունեց ինչպես տրիոյի, այնպես էլ երգչուհիների սոլո ելույթները։

Իսկ թե ինչու էր «3 սոպրանոն» տարիներ շարունակ լռել, ըստ մեր հավաստի տեղեկության՝ պատճառը օպերային թատրոնի նախկին տնօրենների անտարբերությունն էր։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930