Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինե Պողոսյանը` կանաչի, լավատեսության ու հայկականը տարածելու մասին

Ապրիլ 13,2022 12:30

Ապրիլի 9-ից բացվել է Էլինե Պողոսյանի «Կանաչ» խորագրով առաջին անհատական ցուցահանդեսը: «Առավոտի» հետ զրույցում Էլինեն ասաց, որ ներկայացված է շուրջ 60 աշխատանք՝ կտավեր եւ հագուստներ: Դրանք թե մոլդելավորված հագուստներ են, թե պարզապես նկարված:

Հեղինակն անդրադառնալով ցուցահանդեսի այն հատվածին, որտեղ ներկայացված էին Արցախի գորգագործության նմուշների նկարները՝ 12 աշխատանք, ասաց, որ հաճախ խնդիր ունենք հայկականը ցուցադրելու, դրա համար ինքը որոշել է անդրադառնալ այդ թեմային, բացի դրանից, Արցախի եւ ընդհանրապես հայկական մշակույթը շատ գեղեցիկ է ու յուրահատուկ, ուստի ինքը շատ կուզենար, որ այն մեծ տարածում գտներ: Իսկ հայկական զարդանախշերը նկարել է հագուստներին, որպեսզի մարդիկ հագնեն դրանք ու տարածեն:


Ինչ վերաբերում է մոդելավորած հագուստներին, որոնցից 10-ը ներկայացված էր ցուցահանդեսում՝ Էլինեն նշեց. «Կան հագուստներ, որոնց մոդելավորումը եւ դիզայնը զրոյից ինքս եմ արել, ինչպես նաեւ կա ձեռքի աշխատանք՝ նկարների ձեւով: Կան հագուստներ էլ, որոնք ձեռք եմ բերում հայկական արտադրամասերից եւ դրանց վրա թողնում եմ իմ ձեռագիրը: Բացի Արցախի գորգագործության նմուշներից, կան նաեւ հայկական գույներ, օրինակ՝ կարող եմ առանձնացնել ծիրանի նկարը, որը անվանել եմ «Ծիրանագույն», ինչպես նաեւ գինու նատյուրմորտը, որտեղ ներկայացված են 1915թ.-ից մնացած անթառամ ծաղիկներով ծաղկամանը, նուռը եւ գինին: Ընդհանուր առմամբ օգտագործել եմ շատ գույներ, փորձել եմ մարդկանց ցույց տալ, որ բացի մոխրագույնից, սեւից եւ սպիտակից, թե ուղիղ եւ թե փոխաբերական իմաստով կան նաեւ այլ գույներ»:


Քանի որ Էլինե Պողոսյանն ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, ապա PR է սովորել, հետաքրքրվեցինք, թե ինչպես է ներդաշնակել լրագրությունը, PR-ը եւ արվեստը: «Լրագրությունն էլ է ստեղծագործություն: Ես ցանկացա ստեղծագործականն ավելի տարածվեր, իսկ դա պետք է դրսեւորվեր իմ սիրելի հոբիի՝ նկարչության ձեւով: Ի դեպ, ես հաճախել եմ պրոֆեսիոնալ նկարչական ստուդիա, ու հոբին դարձրել իմ աշխատանքն ու ապրելակերպը: Ինչ վերաբերում է PR-ին, այն ունիվերսալ է ու կարեւորվում է ցանկացած աշխատանքում: Հատկապես ART PR-ը կիրառում եմ հենց իմ դեպքում»,-նշեց մեր զրուցակիցը:


Հավելեց, որ իրեն ստեղծագործելիս նախ եւ առաջ ոգեւորում են իր պատվիրատուներն ու հաճախորդները, ու այն, որ նրանք նախընտրում են հայկականը, շատ ոգեւորող է եւ պարտավորեցնող, որ անընդհատ աշխատի, նոր տեսականի ներկայացնի: Էլինե Պողոսյանն ասաց, որ իր ամենամեծ երազանքը կապված է արվեստի հետ. «Ուզում եմ, որ իմ անունը հնչի ոչ միայն Հայաստանում, այլեւ մեր երկրի սահմաններից դուրս՝ որպես հայկական մշակույթը տարածող, հատկապես որ, հայկականը միայն գորգագործության նմուշները եւ տարազային աղջիկները չեն: Ցուցահանդեսի խորագիրը «Կանաչ» է, որովհետեւ բացի նրանից, որ կանաչն իմ սիրելի գույնն է, այն խորհրդանշում է լավատեսություն, նորի սկիզբ եւ գարուն: Գարունը եւս ունի փոխաբերական իմաստ, գարունը կարող է լինել մարդու կյանքում, քո շրջապատում եւ ամենուր: Քանի որ սա իմ առաջին անհատական ցուցահանդեսն է եւ սկիզբն է խորհրդանշում, բնականաբար, կանաչը պետք է լիներ: Ամենակարեւորը՝ կանաչ գույնով լավատեսություն եմ ցանկացել տարածել, քանի որ այն այսօր բոլորիս շատ է պակասում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
12.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930