Լրահոս
Օրվա լրահոսը

«Չարենցի խոսքը գերաչափ պահանջված է»

Ապրիլ 13,2022 12:00

Ասում է գրականագետ Անի Շիրինյանը

Վերջերս լույս է տեսել Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Անի Շիրինյանի «Դիցաբանական եւ աստվածաշնչյան մոտիվները Եղիշե Չարենցի ստեղծագործության մեջ» գիրքը: «Եղիշե Չարենցի գրական հունձքը տիեզերական ընդգրկումներ ունի՝ առեղծվածային ու անսպառ: Ինչքան ժամանակը հեռացնում է մեզանից Չարենցի ապրած ու ստեղծագործական տարիները, այնքան աճում է հետաքրքրությունը մեծ գրողի նկատմամբ»,-«Առավոտի» հետ զրույցում ասել է գրքի հեղինակը, հավելելով, որ չարենցագիտությունը սկիզբ է առել դեռեւս բանաստեղծի կենդանության օրոք՝ հետագայում խորանալով եւ ընդգրկելով նրա գրական ժառանգության նորանոր ծալքերը: Գրականագետի խոսքով՝ այս ուսումնասիրությունը համեստ մի փորձ է՝ նոր կողմից բացահայտելու Չարենց-բանաստեղծին, փիլիսոփային, աստվածաբանին: «Այս տեսանկյունից ուսումնասիրել եմ միայն առանձին ստեղծագործություններ, չի քննվել Չարենցն իր ամբողջության մեջ: Եվ քանի որ բանաստեղծի գործերը դեռեւս վերծանման ու տպագրման փուլում են, այս աշխատանքը արդեն իսկ տպագրված էջերին անդրադարձ է հնարավորինս հանգամանորեն»,-նշել է Անի Շիրինյանը, ավելացնելով, որ Չարենցի խոսքը՝ չափածո թե արձակ, կենդանի է, ազդեցիկ ու զորավոր բոլոր ժամանակներում եւ Չարենցի յուրաքանչյուր գրվածք ապաշխարողի նման դողացող ձեռքերով պետք է բացել:

Գրքի հեղինակը մեզ հետ զրույցում ասաց, որ Չարենցի ստեղծագործությունները վերլուծելիս ուշադրություն է դարձրել հատկապես նրա «անգիտակցական ոլորտներին», խորհրդանշական իմաստներին ու նշանակությանը: «Իր ամբողջ ստեղծագործական կյանքի ընթացքում Չարենցը խորհում էր չարի եւ բարու, մարդկային էության, Աստծո լինելության մասին: Հավերժական հարցեր, որ ծնունդ են տվել միֆական պատմություններին ու կերպարներին»,-մասնավորապես նշել է մեր զրուցակիցը:

Գրքի մեջ ներկայացվում են Չարենցի ստեղծագործության դիցաբանական եւ սուրբգրային ոլորտները, այնտեղ առկա խորհրդանիշներն ու մոտիվները, դրանց դիմելու պատճառներն ու շարժառիթները:

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի խոսքով՝ տարածաժամանակային առումով չարենցագիտությունն ունի հսկայական ուղեծիր, եւ նոր խոսք ասելու փորձը մեծ խիզախում է, միեւնույն ժամանակ՝ պարտավորեցնող քայլ: «Անի Շիրինյանը կատարեց այդ խիզախումը՝ նորովի բացահայտելով Եղիշե Չարենցին՝ հայ գրականության հանճարին,- նշել է Վարդան Հակոբյանը, ավելացնելով,-աշխատանքում զգացվում է նյութի իմացության բարձր աստիճան, ինչի շնորհիվ էլ հեղինակը կարողացել է Չարենցի ստեղծագործությունը քննել գեղարվեստական, փիլիսոփայական, դիցաբանական, աստվածաբանական, պատմական, ազգային, համամարդկային դիտանկյուններից, որից էլ աշխատանքը դարձել է առավել շահեկան»: Զրույցի վերջում Անի Շիրինյանը հավելեց, որ Չարենցի ներկայացրած խնդիրներն ու կերպարները մեր օրերում եւս առկա են: «Բանաստեղծի գործերն իրենց մեծ խորքով հետաքրքրում են ոչ միայն գրականագետներին: Չարենցի խոսքը գերաչափ պահանջված է: Մեր այսօրվա ուսանողությունը, մեր երիտասարդությունը մեծ պատվով ու պատասխանատվությամբ են կրում հայ գրողի միասնականության «Պատգամը»՝ մնայո՛ւն, փորձվա՛ծ, ապացուցվա՛ծ… Կարծում ենք՝ չարենցյան թեման դեռ երկար է պահպանելու իր արդիականությունը»,-եզրափակել է մեր զրուցակիցը:

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
12.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930