Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ է պետք լսել՝ «վարորդների՞ն», թե՞ «պրոֆեսորներին»

Ապրիլ 13,2022 14:30

Ի՞նչ է իրականում նշանակում «քաղաքացիական հասարակություն», եւ ինչո՞ւ այն Հայաստանում վերջնականապես չի ձեւավորվում

Երբ մոտավորապես չորս տարի առաջ, ավելի ստույգ՝ 2018-ի մայիս-հունիսին, ես կոչ էի անում՝ նախկինների հետ վարվել օրենքով, մարդիկ, որոնք առաջին հայացքից միանգամայն լուրջ եւ ադեկվատ էին երեւում, ինձ առարկում էին՝ «նրանց ոչ մի օրենք չի հասնում»: Հետո այդ մարդիկ դարձան պատգամավորներ, պաշտոնյաներ, դեսպաններ: Հիմա էլ՝ հենց ցանկանում են իրենց հավատարմությունը հայտնել իշխանությանը, պարտադիր է խոսքի մակարդակով անզիջում պայքար մղել նախկինների ստվերների դեմ: Եթե փորձենք Ռուսաստանի հետ զուգահեռ անցկացնել, ապա Պուտինին հաճոյանալու համար Դումայի պատգամավորները եւ արվեստի գործիչների պարտավոր են բացականչել՝ «որտեղ տեսնեմ Ուրգանտին (Գալկինին, Պուգաչովային, Նետրեբկոյին եւ այլոց), թքելու եմ նրանց երեսին»:
Բայց այժմ խոսքը ոչ թե ավտորիտար երկրներում իշխանությանը քծնելու մասին է, այլ՝ մեծամասնության իրավագիտակցության մասին, ինչպես նաեւ այն մասին, թե ինչ է ժողովրդավարությունը, եւ արդյո՞ք դրա պայմաններում իշխանությունը կամ այն ուժերը, որոնք հավակնում են իշխանության, պարտավոր են սպասարկել այդ մեծամասնության իղձերը:

19-րդ դարի ազատական մտածողներից մեկը՝ Ջոն Սթյուարթ Միլը, նման խնդիրներից խուսափելու համար առաջարկում էր ընտրությունների ժամանակ տարբեր քաղաքացիներին «տարբեր քաշի» ձայներ տալ: Այսինքն, եթե, պայմանականորեն ասած «պրոֆեսորն» ավելի լավ է հասկանում, թե որն է պետության շահը, ապա նրա ձայնը պետք է ավելի վճռորոշ լինի, քան տաքսու վարորդինը: (Այդ մասնագիտությունները նշել եմ ուղղակի որպես օրինակ. պարզ է, որ իրական կյանքում կան բազմաթիվ տգետ պրոֆեսորներ եւ զարգացած տաքսիստներ): Ո՞րն է Միլի տրամաբանությունը: Ըստ նրա՝ քանի որ պայմանական վարորդներն ավելի շատ են, քան պայմանական պրոֆեսորները, առաջինները կարող են քաղաքական ուժերին սխալ հասարակական պատվեր տալ (օրինակ՝ ապօրինի հետապնդել իրենց ատելի գործիչներին) եւ իշխանության հավակնորդները հենց այդպիսի նախընտրական խոստում կտան, եւ դրա շնորհիվ կվերցնեն պետության ղեկը: Միլի առաջարկը, ինչպես հայտնի է, ոչ մի երկրում չի ընդունվել: Եվ, այս դեպքում, կարելի է ասել՝ բարեբախտաբար: Որովհետեւ ձայները «կշռելու» գործընթացը նույնքան սուբյեկտիվ է, որքան մարդկանց գանգի կառուցվածքով նրանց որեւէ ցեղի «մաքուր» կամ ոչ լիարժեք անդամ կարգելը: Այստեղ այնպիսի ապօրինությունների դաշտ է բացվում, որ դրա համեմատ ցանկացած այլ ապօրինություն պարզապես խամրում է:

Բայց ժողովրդավարության պայմաններում ճիշտ ընտրություն կատարելու խնդիրը մնում է: Եթե այն ավելի ընդհանրական ձեւակերպենք, ապա կարելի է հարցնել՝ ինչպես հաշտեցնել բանականության ինքնիշխանությունը կամքի ինքնիշխանության հետ, նույնիսկ եթե դա ժողովրդի կամքն է: Նույն 19-րդ դարում ֆրանսիացիներ Ֆրանսուա Գիզոն եւ Ալեքսիս դե Տոկվիլը փորձում էին այդ հաշտեցումն իրականացնել ներկայացչության ինստիտուտի միջոցով: Բայց ներկայացուցչությունը չէր մեկնաբանվում սոսկ որպես ընտրված խորհրդարան: Այստեղ նույնքան, կամ նույնիսկ՝ ավելի՛ կարեւոր է հասարակության ինքնակազմակերպումը: Երբ մարդիկ միավորվում են ազդեցիկ խմբերի մեջ եւ ազդում են իշխանության որոշումների վրա: Քաղաքացիական հասարակությունը միայն ՀԿ-ները չեն, ոչ էլ իհարկե՝ Հանրային խորհուրդն է, որը Հայաստանում, ստեղծման պահից սկսած, ձեւական բնույթ է կրում: Քաղհասարակությունն ինքնավար հանրույթների հորիզոնական կապերի ցանց է:

Բայց նման ցանց Հայաստանում չափազանց դժվար է ստեղծել: Պատճառը մշակութային է: Երբ մարդիկ բարձր են գնահատում անձնական ազատությունը, նրանք ձգտում են իրար հետ պայմանավորվել, որից էլ առաջանում է այդ ցանցը: Երբ մարդիկ կոլեկտիվիստ են կամ պարտիկուլյարիստ, նրանց համար առավել կարեւոր է «արդարությունը», որը չափազանց սուբյեկտիվ ձեւով է հասկացվում, եւ որը ինչ-որ մեկը վերեւից իրենց պետք է պարգեւի: Ահա թե որտեղից է առաջանում ապօրինությունների պահանջը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930