ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Ջանֆիդա բնակավայր, ծաղիկներ խոնարհել Ջանֆիդայի զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում, ապա դպրոցում ներկա գտնվել «Վասն հայրենյաց մեռար, դու շատ ապրեցար…» խորագիրը կրող հուշ-ցերեկույթին:
Ողջունելով հիշատակի միջոցառման մասնակիցներին՝ մարզպետը նշել է, որ իր համար մեծ պատիվ է Արցախյան առաջին պատերազմում Ղարաչինար գյուղի պաշտպանական մարտերի ժամանակ հերոսաբար զոհված Էդվարդ Դաշտոյանի անվանակիր դպրոցում ներկա գտնվելու վերջինիս ծննդյան 61-ամյակին և Արցախյան բոլոր պատերազմներում զոհված ջանֆիդեցի քաջերի հիշատակին նվիրված ցերեկույթին։
«Բոլորս գիտենք, որ Ջանֆիդան Մայր հողին հերոսներ տված և մարտական ոգով տոգորված քաջորդիների համայնք է։ Նրանցից յուրաքանչյուրն անձնվեր նետվել է մարտի դաշտ և կյանքը զոհել հանուն հայրենիքի, հանուն մեզ:
Մեր ցավն այսօր շատ մեծ է, մեծ է նաև մեր պատասխանատվությունը, ապրելու և մեր հայրենիքը շենացնելու վճռականությունը: Եվ պետք է գիտակցենք, որ միայն այդ ճանապարհով մենք կարող ենք հնարավորինս արժանին մատուցել մեր հերոսների հիշատակին»,- իր խոսքում ընդգծել է մարզպետը՝ խոնարհում հայտնելով ջանֆիդեցի հերոսների հիշատակին, վշտակցություն՝ նրանց ընտանիքներին:
Կարդացեք նաև
Հայրենասիրական, ոգեկոչման և ճանաչողական բովանդակությամբ հուշ-ցերեկույթի ընթացքում հնչել են օրվա խորհուրդը լրացնող երգեր, բանաստեղծություններ, երախտիքի խոսքեր՝ ուղղված նահատակված հերոսներին և հերոսածին մայրերին: Հիշատակի միջոցառումն ավարտվել է շեշտված լավատեսությամբ և մեր երկրի լուսավոր ապագայի հանդեպ հավատով:
Արմավիրի մարզպետարան