Ազգային ժողովի ապրիլի 12-ի նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է ԿԸՀ-ի գործունեության վերաբերյալ հաղորդումը: Նա իր ելույթում խոսել է մի շարք առաջարկների մասին, որոնք միտված են Ընտրական օրենսգրքի բարեփոխմանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը նշել է, որ 2020-2021թթ. Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան կազմակերպվել եւ անցկացվել են ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններ, ինչպես նաեւ ՏԻՄ ընտրություններ հանրապետության 58 համայնքում: Դրանցից 44-ը խոշորացված համայնքներ են: Ազգային ժողովի 2021թ. հունիսի 20-ին անցկացված արտահերթ ընտրությունների վերաբերյալ հաղորդումը հանձնաժողովը խորհրդարանին ներկայացրել է նախորդ տարի:
Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ 2020թ. ապրիլի 5-ին անցկացվելու էր ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որը սակայն չեղարկվել է՝ պայմանավորված կորոնավիրուսային հիվանդության համավարակով: 2020թ. փետրվարի 11-ից մեկնարկել էին հանրաքվեի անցկացման նախապատրաստական աշխատանքները, սակայն դրանք դադարեցվել էին հանրաքվեի՝ նախատեսված օրվանից 20 օր առաջ, եւ այդ պահի դրությամբ աշխատանքները կատարվել էին 90 տոկոսով:
ԿԸՀ նախագահն անդրադարձել է հանրապետության 6 համայնքում 2020թ. իրականացված ՏԻՄ ընտրություններին:
Կարդացեք նաև
2021թ. 52 համայնքում իրականացված ՏԻՄ ընտրություններն անցկացվել են Ընտրական օրենսգրքի նոր պահանջներին համապատասխան: Դրանցից 45-ում տեղի են ունեցել միայն ավագանու անդամի ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով, 7-ում՝ համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություններ: Կազմակերպվել են 1235 ընտրական տեղամասեր, որոնցում ընդգրկված ընտրողների թիվը կազմել է 1 մլն 359 հազ. 947, քվեարկություններին մասնակցել է 566 հազ. 357 քաղաքացի:
ՀՀ Ազգային Ժողով