Հայաստանը ներկայացնող քաղաքական գործիչների Արցախ մուտքի արգելքը խոսում է այն մասին, որ շատ լուրջ գործընթացներ են տեղի ունենում։ «Ա1+»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը, անդրադառնալով ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին Արցախ չթողնելու դեպքին, նշելով, որ այդ գործընթացները կապված են Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող զարգացումների, բանակցությունների հետ։
«Ես ենթադրում եմ, որ Ադրբեջանը նախապայմաններ է առաջ քաշել, և այդ նախապայմանների մեջ նաև դա է, որ քաղաքական իշխանությունը ներկայացնող կամ քաղաքական դաշտը ներկայացնող անձինք չպետք է մեկնեն Արցախ»,- նկատեց ռազմական փորձագետը։
Հարցին՝ ռազմական փորձագետը Արցախի համար անվտանգային խնդիրներ տեսնու՞մ է ընդդիմադիր պատգամավորների՝ Արցախ այցով պայմանավորված, ինչպես պնդում են իշխանական պատգամավորները, ռազմական փորձագետն ասաց, որ ռազմական առումով այդ այցը ոչինչ էլ չի կարող պարունակել։ «Ոչ մեկը չի կարող ասել, թե այդ այցով Արցախի խաղաղ բնակչությունը թիրախավորվում է, որովհետև այնտեղ խաղաղ բնակչության անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահներն են, և այդ այցերը խաղաղ բնակչության հետ կապ չունեն»,- ընդգծեց Կարեն Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում