Խաղաղությունը գին պիտի ունենա, մենք ի՞նչ գին ենք վճարելու. այսօր Aravot.am-ն այս հարցն ուղղեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին: Նա պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում ինչ գին պետք է ունենա, մենք վճարում ենք այն գինը, որը որ վճարում ենք»: Ճշտեցինք՝ տարածքնե՞ր, զիջումնե՞ր՝ նա պատասխանեց այս անգամ մի տոն բարձր. «Վճարում ենք այն գինը, որը որ կվճարենք: Ասում եմ՝ այն գինը, որը որ կվճարենք, որը որ խաղաղության պայմանագիրը ստորագրելու պահին կունենանք, էդ գինը կլինի՝ ոչ ավել մի գրամ, ոչ էլ մի գրամ պակաս»: Հարցին՝ այսինքն, վերջում հանրությունը պիտի պոստ-ֆակտո՞ւմ իմանա այդ գինը՝ նա պատասխանեց. «Այո՛, հանրությունը պիտի իմանա այն ժամանակ, երբ որ մենք դա ավարտած կլինենք: Հանրությունը չի մասնակցում խաղաղության բանակցություններին, մասնակցում են իշխանությունները»:
Զարմացանք՝ բա սա հանրային իշխանություն է՝ նկատի ունենալով, որ հանրության առաջ պետք է իշխանությունը պատասխանատվություն ունենա՝ Գուրգեն Արսենյանն ի պատասխան մատնացույց արեց այդ պահին ԱԺ միջանցքով անցնող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին ու ասաց. «Հանրային իշխանությունը տվել է իր մանդատը, խնդրեմ, այս մարդը այդ մանդատի ապացույցն է: Նորից ձեզ վերադարձնեմ պետական շահի սպասարկման մասնագիտական ինստիտուտների ու դիլետանտների տարբերությանը, թողեք պետական ինստիտուտները աշխատեն: Պետություն չի նշանակում վինեգրետ՝ վերեւից ներքեւ խառը սալաթ: Պետությունը նշանակում է ինստիտուտներ, պրոֆեսիոնալ պաշտոնյաներ, լիազորված պաշտոնյաներ, որոնք իրականացնում են իրենց գործունեությունը: Հասարակությունը մասնակցում է այդ պրոցեսին, երբ որ ընտրում է այդ իշխանությանը: Հասարակությունը չի մասնակցում բանակցություններին, չի մասնակցում պայմանագրերի տեքստի խմբագրմանը: Ինքը հետագայում տալիս է իր գնահատականը՝ հաջորդ իշխանություն ձեւավորելու ժամանակ: Մենք կկնքենք այդ խաղաղության պայմանագիրը, եթե հանկարծ գինը ձեզ շատ թվա, մյուս ընտրություններում մեզ չեք ընտրի»:
Զարմացանք՝ երբ բանը բանից անցա՞ծ կլինի՝ նա պատասխանեց. «Ոչ մի բան բանից անցած չի լինի, որովհետեւ մենք Հայաստանի համար ենք ընտրում այդ խաղաղության օրակարգը, այն երեխեքի համար, որ դեռ չեն ծնվել, որոնք որ դեռ պիտի ծնվեն ու պիտի չմեռնեն ինչ-որ տեղ պատահական: Ա՛յ դրա համար ենք ընտրում դա: Դրա համար կոչվում է պատասխանատու իշխանություն, մեկն էլ կոչվում է պոպուլիստական իշխանություն, մեկն էլ կոչվում է խառնամբոխ: Տարբեր բաներ են: Հիմա մենք ասում ենք՝ մենք ա՛յս ճանապարհով ենք գնալու, սա է մեր կրեդոն, այս իշխանության առաքելությունը հիմնական, ուրիշ բան չկա: Մենք չենք եկել նրա համար, որ այս մարզպետին փոխարինենք մի ուրիշ մարզպետով: Մեր պետության ու երկրի առաջ կանգնած այդ ծածկագիրը պետք է բացահայտվի: Վերջաբանում պիտի անցնես խաղաղ ապրելու պլան»:
Կարդացեք նաև
Սա թուրք-ադրբեջանական օրակա՞րգը չի՝ նա պատասխանեց. «Ո՛չ, սա հայկական օրակարգն է: Ադրբեջանական օրակարգ ասելով՝ դուք ջուր եք լցնում էլի այն խմբավորումների շահերին, ովքեր որ կան այդ երկրներում: Այդ երկրներում էլ կան տարբեր հասարակության խմբավորումներ, մեկին սա է ձեռք տալիս, մյուսին՝ նա: Մենք ասում ենք, որ ՀՀ-ն որպես պետություն պետք է ցույց տա, որ ինքը ունակ է կայացնելու որոշումներ ու իրացնելու իր որոշումները»: Ճշտեցինք՝ արկածախնդրությո՞ւն չի սա՝ Արսենյանի պատասխանը հետեւյալն էր. «Արկածախնդրությունը մնացած բոլոր գործողություններն են, որովհետեւ դրանք են տանում Հայաստանի ու իր քաղաքացիների նկատմամբ վտանգի աստիճանի մեծացմանը: Այ դա՛ է արկածախնդրությունը, երբ որ դու չես կարողանում գիտակցել որ դեպքում է քո երկիրն ու ժողովուրդն ավելի անվտանգ: Արկածախնդրություն է, որ սկսում ես խառնել դա ու սկսում ես դա օգտագործել քո քաղաքական նպատակների համար»:
Ընդդիմության քայլերի վտանգի ու խաղաղության օրակարգի մասին Գուրգեն Արսենյանի հետ հարցազրույցի մանրամասները կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ