Լրահոս
Օրվա լրահոսը

«Հույզերից չպետք է փախչել». մրցանակակիր «Երբ ես տխուր եմ» անիմացիոն ֆիլմը ցուցադրվեց «Կինոպարկում»

Ապրիլ 12,2022 21:40

«Երբ ես տխուր եմ» կարճամետրաժ անիմացիոն  ֆիլմը, որն արդեն ընտրվել է 19 միջազգային կինոփառատոնների կողմից, ցուցադրվեց նաեւ «Կինոպարկում»: Ֆիլմի ռեժիսորը, նկարիչը, համասցենարիստն ու բանաստեղծության հեղինակը Լիլիթ Ալթունյանն է, պրոդյուսերը, համասցենարիստն ու հայերեն ֆիլմի դերակատարը՝ Արմինե Անդան, կոմպոզիտորը Միքայել Ոսկանյանն է։ Ֆիլմի արտադրողն է «Հոշկի ֆիլմը», համարտադրողը՝ ֆրանսիական «Ֆոլիմաժ» անիմացիոն ստուդիան։

Դեռ որպես նախագիծ «Երբ ես տխուր եմ»-ը «Ռեանիմանիայում» դարձել էր «Աշխարհի անիմացիաները» ծրագրի հաղթող՝ ստանալով «Ֆոլիմաժի» համատեղ արտադրության մրցանակը՝ Անսիի կինոփառատոնում։ Ֆիլմի ստեղծմանն աջակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնը, ինչպես նաեւ Օբերտոն եւ Բաղինյան Արտ Վիդեո ընկերությունները։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել էր «Անիմեսթ» միջազգային անիմացիոն կինոփառատոնում՝ Ռումինիայում, 2021 թ, իսկ ասիական պրեմիերան՝ Բուչոնի միջազգային անիմացիոն կինոփառատոնում՝ Հարավային Կորեայում։ Ֆիլմը ճանաչվել է նաեւ «Լավագույն միջազգային կարճամետրաժ ֆիլմ» Կոլոմբոյի` կանանց միջազգային կինոփառատոնում, Շրի Լանկայում։  Այն այս օրերին պահին ցուցադրվում է Ռիգայում, իսկ 10 օրից կլինի ֆիլմի ամերիկյան պրեմիերան:

Միքայել Ոսկանյանը պատմեց, թե ինչպես է Լիլիթ Ալթունյանի կողմից  ֆիլմի երաժշտություն գրելու առաջարկ ստացել. «Լիլիթը ցույց տվեց պատկերները, ոգեւորվեցի պատկերներով ու պատմությամբ, եւ ասացի՝ արի փորձենք…Ի վերջո գտանք հիմնական լեյտմոտիվը»:

Լիլիթ Ալթունյանի ձեւակերպմամբ, չգիտես ինչու ընդունված է, որ տխրությունը բացասական հույզ է, սակայն ըստ նրա,  հույզերից չպետք է փախչել, դրանք պետք է վերապրել եւ հասկանալ, թե որտեղից են գալիս:

Արմինե Անդան ասաց, որ իր ոչ մի մասնագիտություն մյուսից չի առանձնացնում. «Կարծում եմ, որ ստեղծագործելիս դու աշխարհ ես ստեղծում, ու կարեւոր չի, թե որ կողմից ես «մտնում» դրա մեջ: Մեր հասարակության մեջ պրոդյուսերը սխալ ընկալում ունի, մինչդեռ պրոդյուսերը եւս ստեղծող է եւ նախաձեռնող: Ֆիլմն ինձ համար սովորական մի բան չէ, այն իմ երեխայի նման է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930