Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ի վերջո օրենքի գերակայությունը միայն վերնագիր պիտի չլինի. Փաշինյանն ԱԻՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Ապրիլ 12,2022 18:14

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արմեն Փամբուխչյանին:

Վարչապետը հաջողություններ է մաղթել պարոն Փամբուխչյանին կարևոր աշխատանքում և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման արդյունքում Արտակարգ իրավիճակների նախարարության արդյունավետության աստիճանը կբարձրանա:

«Սովորաբար նման դեպքերում մենք նոր նախարարին նշանակում ենք, հին նախարարին ճանապարհում, շնորհակալություն հայտնում կատարված աշխատանքի համար: Գիտեք, որ այս պարագայում մենք մի փոքր այլ, անսովոր կամ նույնիսկ աննախադեպ իրավիճակ ունենք: Եվ ես պիտի ուղիղ ու անկեղծ ձեզ ասեմ, որ չափազանց ցավում եմ իրադարձությունների նման զարգացման համար: Ե՛վ մարդկայնորեն, և՛ բարոյական, և՛ քաղաքական առումով տեղի ունեցածն անձամբ ինձ համար շատ ցավալի իրադարձություն է: Գիտեք, որ 44-օրյա պատերազմից հետո, ես առաջարկել եմ պարոն Փիլոյանին Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը, վստահել եմ այդ պաշտոնը, և մենք այս ընթացքում աշխատել ենք ու ունեցել փոխադարձ հարգալից վերաբերմունք: Բայց կարծում եմ՝ պետք է հստակ արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունում ի վերջո օրենքի գերակայությունը միայն վերնագիր պիտի չլինի, օրենքի առաջ բոլորի հավասարությունը միայն վերնագիր պիտի չլինի, և ի վերջո այդպես է և այդպես էր նաև այս իրադարձություններից առաջ: Հույս ունեմ, որ բոլորս այս ուղերձը շատ հստակ և ուղիղ ենք ընկալում»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հասկանալի է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում ոչ մի տեղ բարեկեցության շատ բարձր մակարդակ չկա: «Առավել ևս՝ մենք մի երկիր ենք, որն ունի աղքատության, սոցիալական բարդությունների խնդիրներ և ընդհանրապես՝ անվտանգային սուր մարտահրավերներ: Մենք պետք է հասկանանք, որ մեզնից յուրաքանչյուրից պահանջվում է շատ մեծ ջանքեր գործադրել, այո, նաև անցնել շատ մեծ զրկանքների ճանապարհով, որպեսզի կարողանանք մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերները լուծել, պետական կառավարման համակարգում առկա խնդիրները լուծել, վերջինիս արդյունավետությունը բարձրացնել, և ի վերջո՝ մեր ծառայությունը մեր ժողովրդի առաջ ավելի ու ավելի արդյունավետ դարձնել: Կարծում եմ, որ այսօրվա հիմնական ուղերձը սա պիտի լինի:

Պարոն Փամբուխչյան, և՛ Ձեզ, և՛ նախարարության ամբողջ աշխատակազմին ուզում եմ հաջողություն մաղթել: Եվ նաև ցանկանում եմ ասել, որ այնուամենայնիվ օրենքի գերակայությունից խոսում ենք, եկեք անմեղության կանխավարկածի մասին չմոռանանք, որովհետև Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, ցանկացած մարդ անմեղ է, քանի դեռ նրա մեղավորությունը չի հաստատվել օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Այս կանխավարկածով էլ առաջնորդվենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Արմեն Փամբուխչյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ մեծ վստահության համար և հավաստիացրել, որ ջանք ու եռանդ չի խնայելու՝ արդարացնելու նրա և հասարակության սպասումները: «Ես այս նախարարությունում նորեկ չեմ, ամբողջ ծավալով տիրապետում եմ աշխատանքներին և առաջնահերթություններին: Ձեր թույլտվությամբ ուզում եմ նշել, որ իմ պաշտոնավարման ընթացքում առաջնորդվելու եմ կառավարության և քաղաքական թիմի որդեգրած օրակարգով ու արժեքներով»,- նշել է Արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարարը:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930