Այսօր Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կայացել է ռեժիսոր, դերասանուհի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս Մարգարիտ Մնացականյանի «Եռերգություն» գրքի շնորհանդեսը։
Բացման խոսքում գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը նշեց, որ Մարգարիտ Մնացականյանն Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի բարեկամն է ու մշտական այցելուն, նույն գրադարանում նաև թատերախումբ է ղեկավարել։ Անդրադառնալով գրքին՝ Հասմիկ Կարապետյանը հավելեց. «Տիկին Մնացականյանն իր գրքում խոսում է այն մարդկանց մասին, ովքեր իր համար թանկ են, հարազատ, թանկ են նաև հոգևոր տեսանկյունից»։
Գրքի հեղինակն իր ելույթում ընդգծեց, որ գիրքը գրել է 1993-2004 թվականների ընթացքում և հասկացել է, որ կան մարդիկ, որոնց մասին չպետք է լռել։ Հեղինակն անձամբ էլ չի սիրում մարդկային անտարբերությունը։
«Երիտասարդությունը պետք է ճանաչի այն մարդկանց, որոնցից պետք է սովորել։ Ես գրել եմ երեք մեծությունների մասին` Վազգեն Առաջին կաթողիկոսի, Սերգեյ Փարաջանովի և Խորեն Աբրահամյանի, որոնց ճանաչել եմ և միայն հպարտ եմ»,-նշեց Մարգարիտ Մնացականյանը։
Կարդացեք նաև
Երգչուհի Աննա Մովսեսյանը կիսվեց իր ուսանողական տարիների հուշերով, նշելով, որ շատ գիտելիք է ստացել Մարգարիտ Մնացականյանից և այսօր էլ փորձում է նոր սերնդին փոխանցել։ Նա նաև երգեց իր և Մարգարիտ Մնացականյանի համատեղ աշխատանքի արդյունքում ծնված երգը։
«Նա այն տեսակն է, որ ինչ էլ լինի` մնում է իսկական մտավորական, կին… Եվ նրա մարդկային որակները պարզապես զարմացնում են մարդուն»,-իր ելույթում նշեց ռեժիսոր Արամ Սուքիասյանը։
Միջոցառմանը Մարգարիտ Մնացականյանի տարբեր տարիների գրած ստեղծագործություններ ընթերցեցին նրա ուսանողները։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ