Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք վերլուծաբանը տագնապած է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման օրինագծից. «Ավելի վտանգավոր է, քան տարբեր երկրների խորհրդարաններում ցեղասպանության բանաձևերի ընդունումը»

Ապրիլ 12,2022 17:32

Ermenihaber. Թուրքական «HaberTurk» լրատվամիջոցի վերլուծաբան Քյուրշադ Զորլուն իր սյունակում անդրադարձել է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության թեման դասավանդելու մասին նոր օրինագծին։

«Ապրիլի 24-ին ընդառաջ արդյո՞ք մենք տեղյակ ենք ԱՄՆ Կոնգրեսում պատրաստվող այսպես կոչված ցեղասպանության մասին օրինագծից» հոդվածում Զորլուն հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահներն ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձներ էին ունենում։ Իսկ 2021-ին, երբ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենն օգտագործեց «ցեղասպանություն» տերմինը, խնդիրը կարծես թե տեղափոխվեց որակապես նոր փուլ։

«Թվում էր, թե դրանով վերջ կդրվի դամոկլյան սրի պես կախված ամենամյա այդ ուղերձներով Թուրքիայի վրա կիրառվող ճնշումներին, բայց ոչ, դա ակնհայտորեն քաջալերում է նոր որոշումների ու կարգավորումների ընդունումը։ Ահավասիկ դրանցից մեկը, որն այժմ պատրաստվում է ներկայացվել ԱՄՆ նախագահ Բայդենի վավերացմանը, եթե Կոնգրեսն այն ընդունի»,- գրում է թուրք վերլուծաբանը։

Նա ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ հիշյալ օրինագծի ետևում կանգնած է ANCA-ն (Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը): Օրինագիծը կազմվել է կոնգրեսականներ Քերոլին Մալոնիի (Դեմոկրատ, Նյու Յորք) և Գաս Բիլիրակիսի (Հանրապետական, Ֆլորիդա) կողմից՝ որպես իրավական հիմք ունենալով դեռևս 2019-ին ԱՄՆ Սենատի ընդունած այն որոշումները, որոնք վերաբերում են ցեղասպանության թեմայի դասավանդմանը և դրա շուրջ հանրային կարծիքի ձևավորմանը։

Եթե օրինագիծն ընդունվի և ուժի մեջ մտնի, ապա ցեղասպանության թեմային առնչվող կրթական նպատակների համար 5 տարվա ընթացքում Կոնգրեսի գրադարանին կհատկացվի 10 մլն դոլարի ֆինանսավորում։ Ընդ որում` օրենքի նախագծի տեքստում հիշատակվում են ոչ միայն հայերը, այլ նաև հույները, ասորիները, քաղդեացիները, արամեացիները, մարոնիները և այլ քրիստոնյաներ։

«Չգիտեմ, թե ինչպես են Թուրքիայի համապատասխան կառույցները պայքարում դրա դեմ, բայց օրեցօր ավելանում է այդ օրինագծին աջակցող կոնգրեսականների թիվը»,- տագնապում է հոդվածի հեղինակը՝ մտավախություն հայտնելով, որ ԱՄՆ-ի կրթական համակարգում ցեղասպանության հարցի ուսուցման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, դպրոցներում հայկական թեզերին համապատասխանեցված ուսումնական ծրագրերի դասավանդումն ըստ էության կդաստիարակի մի սերունդ, որը Թուրքիայի նկատմամբ կանխակալ մոտեցում ու գուցե անգամ թշնամանք ունենա։

Զորլուի համոզմամբ՝ այս գործընթացն ավելի վտանգավոր է, քան տարբեր երկրների խորհրդարաններում ցեղասպանության բանաձևերի ընդունումը:

«Արժի քննել և հասկանալ, թե Թուրքիայի համապատասխան կառույցներն ինչ քայլեր են ձեռնարկում այս վտանգին սեփական թեզերով դիմակայելու և գործընթացը կասեցնելու համար»,- եզրափակվում է հոդվածը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930