Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատմության ֆակուլտետն ընդդիմությանը պետք է բացատրի զինադադարի եւ կապիտուլյացիայի տարբերությունը»․ Լուսինե Բադալյան

Ապրիլ 12,2022 17:12

«Ընդդիմությունը նոյեմբերի 9-ի զինադադարն անվանում է կապիտուլյացիա։ Կարծում եմ՝ պատմության ֆակուլտետը մեծ անելիք ունի․ եթե ոչ հասարակությանը, ապա մեր ընդդիմադիր քաղաքական գործիչներին պետք է վստահ բացատրի զինադադարի եւ կապիտուլյացիայի տարբերությունը»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։

«Ընդդիմությունն անընդհատ խոսում էր, որ իշխանությունը սադրեց պատերազմը եւ հանձնում է Արցախը, այսօր ծաղրում է իշխանության հայտարարած խաղաղության օրակարգը։ Պատերազմ առանց զոհերի չի լինում։ Մենք այլեւս զոհեր չենք ուզում եւ գտնում ենք, որ պետք է խաղաղության օրակարգի համար պայքարենք, որը հստակ ասել ենք ժողովրդին, ժողովուրդն էլ մեզ քվե է տվել»,-հավելեց Լուսինե Բադալյանը։

«Ասում են, թե մենք հանձնել ենք Արցախը, բայց այսօր գնացել են Արցախ։ Հիմա Արցախը հանձնե՞լ ենք, թե՞ ոչ, կապիտուլյացիա եղե՞լ է, թե՞ ոչ, մենք պատերա՞զմ ենք ուզում, թե՞ խաղաղություն»,-հարցադրումներ արեց նա։

Ըստ Լուսինե Բադալյանի՝ ընդդիմադիրները վերջերս շատ են խոսում այն մասին, որ Շուշին ու Հադրութը հետ են բերելու, բայց թե ինչպես՝ չեն ասում․ «Հուզական գուցե հնչի, բայց եթե իմանամ, որ Արցախի, ՀՀ-ի դրոշն Էվերեստի գագաթին դնելով խնդիրները լուծվելու են, հավատացեք՝ հենց վաղը կփորձեմ բարձրանալ»։

Հիշեցնենք՝ ընդդիմադիր երկու խմբակցություններն այսօր հայտարարեցին, որ չեն մասնակցելու այս շաբաթվա նիստերին, մեկնելու են Արցախ եւ ՀՀ սահմանամերձ բնակավայրեր, իսկ ԱԺ ամբիոնին փակցրին Արցախի դրոշը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930