Լրահոս
Օրվա լրահոսը

«Կբախվե՛ք ներսում մշակված կանոնների հետ ու ստիպված կլինեք ենթարկվել». Ալեն Սիմոնյանը լրագրողներին հորդորում է վարքականոն մշակել

Ապրիլ 12,2022 16:56

«Մենք շատ լուրջ խնդիր ունենք լրագրողների գործունեության հետ: Պատսպարվելով խոսքի ազատության եւ ԶԼՄ-ի մասին օրենքով՝ լրագրողները հաճախ իրենց շատ-շատ վատ են պահում»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա նշեց, որ պետք է որոշում կայացնեն ու որեւէ ձեւով կարգավորեն լրագրողների գործունեությունը. «Իրար ընդհատելով, իրար վիրավորելով, մարդկանց հետապնդելով՝ դա լրագրություն ներկայացնելը ճիշտ չի»: Դիտարկմանը՝ իսկ պատգամավորները իրենց լա՞վ են պահում՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Գիտեք ինչ, պատգամավորի գնահատականը տալիս են ընտրողները՝ ընտրությունների միջոցով: Նրանք ուղիղ ընտրվող մարդիկ են: Դուք ձեր աշխատատուների հետ՝ միջազգային կառույցների, որոնք ձեզ գումար են ուղարկում արտասահմանից եւ ֆինանսավորում են այդ գրասենյակները, ունեք ձեր հարաբերությունները, հիմնականում ձեր հարաբերությունները կարգավորում եք դրսից եկող գումարների հաշվին: ՀՀ պատգամավորները պատվիրակվում են ՀՀ ժողովրդի կողմից եւ պատգամավորի գործունեության հետ կապված օրենքը հստակ է»:

Նա ասաց, թե լրագրողների գործելաոճը ՀՀ քաղաքացիներին ջղայնացնում է ու լրագրողների նկատմամբ վատ վերաբերմունք է ձեւավորվում. «Ակնհայտ է, որ լրագրողների գործունեության վերաբերյալ հանրության մեջ կան շատ բացասական երանգներ: Եվ կարծում եմ դուք՝ լրագրողներդ, ճիշտ կանեք, ես կարող եմ աջակցել, հավաքվեք ու որոշեք, թե ինչ վարքագծի կանոններ պետք է լինեն, որ դուք առնվազն իրար չընդհատեք, չվիճեք, որ լրագրողը ֆեյսբուքյան իր էջում վիրավորանքներ չգրի, կռիվներ չլինեն ԱԺ-ում: ԱԺ-ի շրջանակներում մենք օրենք ենք փոխում, մեկ-երկու ամիս հետո այդ փոփոխությունը տեղի կունենա, բայց դուք դա պետք է անեք ձեր մեջ»:

Նա ասաց, որ ամեն անգամ, երբ լրագրողների գործելաոճի մասին բան է ասում, մենք պատգամավորներին ենք օրինակ բերում, բայց պատգամավորներին գնահատական տվողը ընտրողներն են, լրագրողներին գնահատական տվողը….Ալեն Սիմոնյանին հուշեցինք պատասխանը՝ լրագրողներին գնահատական տվողը ընթերցողներն են:

Երբ լրագրողներն ասացին, որ Փաշինյանի պատճառով են լրագրողների մասին վատ խոսում, դա իր մասին է, շատերը գնահատում են, որ ինքը վատ լրագրող է եղել՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Շատերը ո՞վ, ձեր խմբագրությունո՞ւմ: Ձեր խմբագիրն ամենամոտ ընկերն է եղել Նիկոլ Փաշինյանի հետ, մինչեւ հեղափոխության առաջին մի քանի ամիսը: Իսկ ինչի՞ այդ ժամանակ ձեր խմբագիրը, որը շատ մոտ հարաբերություններ ուներ Նիկոլ Փաշինյանի հետ, չէր ասում: Երկակի ստանդարտներ չենք կիրառում»:

Դիմելով բոլոր լրագրողներին՝ նա հայտարարեց. «Ձեր մեջ քննարկեք, կանոններ մշակեք, հակառակ պարագայում կբախվե՛ք ներսում մշակված կանոնների հետ ու ստիպված կլինեք ենթարկվել: Ես ձեզ հիմա դա առաջարկում եմ, հավաքվեք որոշեք, թե լրագրողն իրեն ինչպես է պետք պահի, օպերատորն իրեն ինչպես պետք է պահի, հակառակ պարագայում այլ բան է լինելու»:

Մանրամասները՝ ավելի ուշ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930