Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա կապված է նրա հետ, որ իրենց պատկերացրած Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումից հինգ է պակաս». Արթուր Ղազարյանը՝ ՔՊ-ականների՝ ԱԺ-ում պահվածքի մասին

Ապրիլ 12,2022 16:32

«Ծանր են տանում, որովհետև այն հստակ հարցադրումները, որ հասարակության կողմից հնչում են՝ թեկուզ լրագրողների միջոցով ուղղակի կամ անուղղակի Արցախի կարգավիճակի հետ կապված, մինչ օրս տեսնում եք՝ իշխանության թևի ներկայացուցիչները դրանց մասին լղոզված պատասխան են տալիս, որը մտահոգիչ է դառնում»,-Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ Արցախ չմեկնող ՔՊ-ական պատգամավորները ծանր տարան Արցախ մեկնելու մասին՝ ընդդիմության հայտարարությունը, այսպես պատասխանեց քաղաքագետ Արթուր Ղազարյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցություններն այսօր հայտարարեցին, որ չեն մասնակցելու այս շաբաթվա նիստերին, մեկնելու են Արցախ եւ ՀՀ սահմանամերձ բնակավայրեր, իսկ ԱԺ ամբիոնին փակցրեցին Արցախի դրոշը։

Արթուր Ղազարյան

Քաղաքագետ Արթուր Ղազարյանը փաստեց՝ նաև ՀՀ ԱԺ նախագահի մակարդակում է այդ լղոզված պատասխանը հնչում կամ հստակ չի ասվում Արցախի կարգավիճակի հետ կապված, այլ խոսվում է արցախահայության իրավունքների, ազատության մասին: Այս տեսանկյունից քաղաքագետը նշեց. «Սա արդեն դրդում է մտածել, որ համակերպվել են այն մտքի հետ, որ Արցախը մնալու է Ադրբեջանի կազմում: Այսինքն՝ կարելի է ենթադրություն անել, թեև բնականաբար, սա բերում է արդեն հասարակության կողմից ըմբոստության: Այս պարագայում արցախահայության կողքին լինելն ընդդիմության պարտքն է: Պետք է տեղում հասկանան, թե ինչ է կատարվում, այդ մտքի հետ համաձայն են, թե՝ ոչ: Բնականաբար, չեն կարող համաձայն լինել: Իշխանությունը փորձում է այդ մտքից շեղվելով այլ պատասխան տալ կամ այլ որակումներ՝ ընդհուպ մինչև Արցախ մեկնելու քայլը դիտել որպես սադրանք: Սա անուղղակի աբսուրդի է հասնում: Եվ, բնականաբար, ռացիոնալ մտածող մարդիկ չեն կարող ՀՀ ԱԺ պատգամավորների մուտքը դեպի Արցախ (անկախ այն հանգամանքից, թե ինչ հայացքներ են կրում կամ ընդդիմության, թե իշխանության ներկայացուցիչ են, թե ոչ) դիտարկել՝ որպես սադրանք կամ Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել: Սա անընդունելի է: Բայց, թե ինչու այդպես միանգամից ոգևորվեցին ու նման գնահատական տվեցին, դա էլ մտածելու տեղիք է տալիս և կապված է այն հարցի հետ, որ իրենց պատկերացրած Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումից հինգ է պակաս, և սադրանքների է գնում ընդդիմությունը: Այդ արձագանքը, կարծում եմ, դրանով է պայմանավորված»:

Հարցին՝ իսկ ինչո՞ւ նման պահվածք դրսևորվեց Արցախի դրոշի հանդեպ, երբ ԱԺ ամբիոնին փակցված՝ Արցախի դրոշը ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հանեց, Արթուր Ղազարյանը պատասխանեց. «Եթե գնահատական տանք՝ որպես արհամարհանք, ապա չի կարելի դա արհամարհանք համարվել, քանի որ Վահագն Ալեքսանյանը դրոշը չվերցրեց ու չնետեց, բայց այդ դրոշը կարող էր այդ օրն էլ, հաջորդ օրն էլ մնալ: Կարելի է եզրակացնել, որ, դրոշը ԱԺ ամբիոնից հանելով՝ տվյալ պարագայում Վահագն Ալեքսանյանը համամիտ է այն մտքի հետ, որ Արցախը՝ որպես անկախ պետություն կամ Հայաստանի հետ միավորված պետություն չի կարող լինել: Նաև այս գնահատականը կարող ենք տալ»:

Վահագն Ալեքսանյանի բացատրությունը՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930