«Մենք ձեռքերը չենք լվացել Արցախից»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ արձագանքելով ընդդիմության բոյկոտին:
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Արցախի դրոշը բերեց ու տեղադրեց ԱԺ ամբիոնի վրա, Հրաչյա Հակոբյանն այսպես արձագանքեց. «Նախ պետք է հասկանալ դրոշը թքել կպցնելու նպատակը: Քաղաքական ակցիա է, իրենց բոլորի սեղանների վրա դրված է թքած կպցրած Արցախի դրոշը եւ որեւէ մեկը չի հեռացրել: Մենք տեսանք, որ Սեյրան Օհանյանը հենց ամբիոնից, կա տեսանյութը, որ կպչուն տեղում թքոտում է ու կպցնում: Եթե դրոշը թքել կպցնելը քաղաքական ակցիա է, այդ ակցիան շարունակվում է մինչեւ հիմա, իրենց սեղաններից ոչ մեկը չի հեռացրել»:
Մեր հարցին՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ պետք է դիտարկել Արցախ գնալու համար ընդդիմադիրների բացակայությունը հարգելի համարելու ու աշխատավարձից պահելու հարցը, քանի որ հանրությունը նրանց ԱԺ-ի գործունեության համար է վճարում, այդ դեպքում հարց է առաջանում՝ հանրությո՞ւնն է ուզել, որ Ալեն Սիմոնյանը Բալի գործուղվի՝ Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Դրանք խորհրդարանական այցեր են: Ինչ վերաբերում է այդ որոշմանը, դեռ որոշում չկա: Ալեն Սիմոնյանն ասեց՝ պետք է հասկանանք, որքանո՞վ է նպատակահարմար սա ձեւակերպել որպես քաղաքական ակցիա կամ որպես գործուղում»:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, որ Արցախ գնալը Բալի գնալ չէ, դա հանգստի վայր չի՝ Հրաչյա Հակոբյանը հակադարձեց. «Բալին էլ հանգստի վայր չի: Եթե Բալիի փոխարեն, օրինակ, համաժողովն անցկացվեր Սոմալիում, այդպիսի վերնագրերի պատճառ չէր դառնա ու ոչ մեկը չէր ասի՝ ԱԺ պատվիրակությունը գնաց Սոմալի: Մենք չենք մեղավոր, որ այդ հանձնաժողովը անցկացվել է Բալիում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ