«Դուք մինչեւ հիմա չհասկացա՞ք, թե ինչի՞ եք խաղալիք դարձել որոշակի մարդկանց»,- այսօր լրագրողների հետ զրույցում արձագանքելով ընդդիմության գործողություններին՝ ասաց ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանը:
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել է, որ այս քառօրյային բոյկոտում է ԱԺ աշխատանքները ու չի գալու նիստերին: Այս հայտարարությանը հետեւեցին ՔՊ-ականների արձագանքները՝ մանդատները վայր դրեք, ձեր շեֆերին ասեք՝ թող վերադառնան Արցախ եւ այլն:
Լրագրողների դիտարկմանը՝ Արցախի դրոշը, խորհրդանիշը ինչո՞ւ եք հանում՝ Հակոբ Ասլանյանը պատասխանեց. «Կներեք, էդ խորհրդանիշը բերեք գլխիս տնկեք: Խորհրդանիշը խորհրդանիշների տեղում են տնկում, ոչ թե ամեն տեղ, որտեղ հասնում է»:
Կարդացեք նաև
Նա համաձայն չէ, որ խորհրդանիշները յուրաքանչյուրի գլխավերեւում պետք է լինեն. «Ես ձեր ընդդիմադիրներից մեկին ասացի՝ գիտեք ինչ, սիրելիներս, դրոշ վառելով, դրոշ տնկելով երկիր չեն պահի; Ձեր առաջ կանգնած է մարդ, ով երեք անգամ իր կյանքը դրել է այս երկրի համար, երեք անգամ գնացել է մեռնելու, իսկ այդ դրոշ տնկողների 90%-ը նույնիսկ ավտոմատ մի անգամ չի բռնել ու փախել է: ԱԺ ամբիոնը դրոշ տնկելու տեղ չի, ԱԺ-ի ամբիոնը այնտեղից մեր երկրի ցավերի մասին խոսելու, որոշում կայացնելու տեղ է, եթե ամեն մեկը ինչ մտքով անցնում է տնկի այնտեղ…»: Լրագրողները զարմացան՝ ինչ-որ բան չէ, Արցախի դրոշն է, Արցախը ճանաչո՞ւմ եք` նա պատասխանեց, որ Արցախի համար ինքը կռվել է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ