«Վերջերս Ղրղզստանում, որտեղ արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին, մի հետաքրքիր կազմակերպչական գործընթաց տեսա։ Տեղամասերում քվեախցիկները տեղադրված չեն այնպես, ինչպես մեր մոտ, այսինքն՝ ոչ այնպես, որ քվեարկողը մեջքով դեպի պատը կանգնի։ Հակառակն է։ Քվեախցիկները շրջված էին, եւ քվեարկողը մեջքով դեպի հանձնաժողովի անդամներն էր կանգնած»,-ԱԺ լիագումար նիստում այսօր ԿԸՀ տարեկան գործունեության մասին հաղորդման ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Նա հետաքրքրվեց․ «Գուցե մե՞նք էլ նման հարց քննարկենք։ Սա կարեւոր է․ ոչ կկարողանան նկարել, ոչ էլ գրպանից ինչ-որ բան հանել»։
Տիգրան Մուկուչյանը պատասխանեց․ «Ժամանակին ունեցել ենք նման լուծում, ուղղակի հաջորդ խնդիրը կա։ Այո, կարելի է տեսնել, որ անձը կանգնած քվեարկում է, բայց վտանգ կա, որ նա քվեաթերթիկը կարող է ցույց տալ սենյակում գտնվող անձանց։ Սա էր պատճառը, որ ժամանակին խցերը դրվեցին այդպես։ Եթե կարող ենք ավելի լավ լուծում գտնել, ես միայն կողմ եմ, դա դոգմա չի»։
Հովիկ Աղազարյանը պնդեց՝ համապատասխան հեռավորություն պահելու դեպքում այդ խնդիրը հնարավոր է չեզոքացնել։ Մուկուչյանը քննարկելու պատրաստակամություն հայտնեց։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ