Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ-ում Արցախի դրոշը պոկելու եւ Գորիսում ադրբեջանցի ոստիկանների` Արցախի դրոշը քերելու գործողությունները նույնն են». Էդգար Ղազարյան

Ապրիլ 12,2022 15:41

«Ընդամենը 4 տարի առաջ, երբ այս հանցախումբը դեռ չէր եկել իշխանության, Արցախը Հայաստան էր, Արցախը հայկական էր, Արցախում եւ Հայաստանում հավասարապես ծածանվում էին Արցախի եւ Հայաստանի դրոշները, եւ դա շատ սովորական, նորմալ երեւույթ էր…Ոչ ոք դրա մասին չէր խոսում, ոչ ոք դա չէր քննարկում:

Հետո եկավ թշնամու շահերը սպասարկող մի հանցախումբ, որն Արցախը հանձնեց թշնամուն, հետո նաեւ Հայաստանի մի հատվածը հանձնեց թշնամուն: Եվ Հայաստանի այն հատված, որ հանձնված էր թշնամուն, բայց մենք դեռ երթեւեկելու հնարավորություն ունեինք, խոսքը Գորիս-Կապան ավտոճանապարհատվածի մասին է, եկան ադրբեջանցիներ եւ սկսեցին մեր մեքենաների վրայից պոկել Արցախի դրոշը, որովհետեւ ադրբեջանցիների մոտ Արցախի դրոշն այլ ընկալումներ է առաջացնում: Նրանք կատաղում են, երբ տեսնում են Արցախի դրոշը»,-«Հայելի» ակումբում նշեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Նրա ձեւակերպմամբ. «ԱԺ-ում Արցախի դրոշը պոկելու եւ Գորիսում ադրբեջանցի ոստիկանների` Արցախի դրոշը քերելու գործողությունները շատ նման են իրար, որովհետեւ Հայաստանում կան, նրանք իշխանության ղեկին են` հայերենին վարժ տիրապետող մարդիկ, հայկական անուն-ազգանուններով եւ հայկական ID-ներով մարդիկ, որոնց մոտ Արցախի դրոշը տեսնելու զգացողությունը նույնն է` ոնց որ թուրքը Արցախի դրոշին նայի: Իրենց եւ ադրբեջանցիների զգացողությունները Արցախի դրոշը տեսնելուց նույնն են: Ու հիմա ստացվում է, որ իրենց դեմ ընդվզման, պայքարի խորհրդանիշը դարձել է Արցախի դրոշը»:

Էդգար Ղազարյանի ձեւակերպմամբ, հիմա երբ Հայաստանի տարբեր քաղաքներում տեղադրվում է Արցախի դրոշ, դա իրադարձություն է համարվում, ձեռքբերում է դարձել այս իշխանության օրոք մեր երկրում մեր երկրի դրոշը տեղադրելը: «Դա փաստում է, թե ում դեմ ենք մենք դուրս եկել պայքարի: Սա ազգային-ազատագրական պայքար է: Իսկ նրա մասին, ինչ տեղի ունեցավ Ազգային Ժողովում, ես այսօր գրառում եմ արել, դա էլ իր խորհուրդն ունի: Արցախի հերոսը Ազգային ժողովի ամբիոնին ամրացնում է Արցախի Հանրապետության պետական դրոշը, Արցախի թշնամին այն հեռացնում է այնտեղից: Ընդ որում` դրոշը տեղադրում է մարտական գեներալ գնդապետը, դրոշը հեռացնում է պահեստազորի սերժանտը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930