Խորհրդարանական մեծամասնությունը պետք է փորձի օժանդակել ընդդիմությանը, որը հայտարարեց՝ մեկնում են Արցախ ՀՀ սահմանամերձ մարզեր եւ չեն մասնակցելու ԱԺ նիստերին. այսօր «Հայելի» ակումբում ասաց հասարակական գործիչ Արա Սահակյանը։ Նրա կարծիքով, պետք է ԱԺ նախագահը նույնիսկ միջոցներ ու տրանսպորտ տրամադրեր ու բարի ճանապարհ մաղթեր, այլ ոչ թե ՔՊ-ական պատգամավորները բարձրանային ամբիոն եւ այդ կոչին հայհոյանքներով պատասխանեին:
«Երբ իրենց վարչապետը Ստեփանակերտի հրապարակում ճչում էր՝ «Արցախը Հայաստան է եւ՝ վերջ», այդ ժամանակ սադրանք չէր, բարիկադ չէր: Իսկ հիմա, երբ մարդիկ ամբիոնին խորհրդանշական դնում են Արցախի դրոշը, դա համարում են թշնամություն: Իսկ դուք գիտե՞ք աշխարհի քանի երկրներում են՝ կառավարական շենքերում, հրապարակներում, ազգային ժողովներում է Ուկրաինայի դրոշը ծածանվում, մարդիկ այն կրում են իրենց հագուստի վրա»,-ասաց Արա Սահակյանը: Նրա խոսքով, այդպիսի «ագրեսիվ» կեցվածքը մի բանի մասին է խոսում, որ ՔՊ-ականները խիստ վախեցած են. «Սրանց վախը թուրքը բռնել է ու խորն է բռնել, որովհետեւ այդպես էլ չունեցան մշակույթ՝ ընդդիմության հետ փոխհարաբերությունների, շփման: Քսան տարի էլ եղել է ընդդիմություն»:
Ըստ Արա Սահակյանի, այս իշխանությունն իր արտաքին քաղաքականությունն իրականացնում է՝ ելնելով «կեղծ պոստուլատներից», այն է՝ ավանդական դաշնակցին փոխարինել նոր դաշնակցով. «Ընդ որում Եվրոպայի ոչ մի երկիր չի հայտարարում, որ Հայաստանն իր դաշնակիցն է»:
Նա վկայակոչելով Ուկրաինայի ներկայիս վիճակը, որ ռուս-ուկրաինական պատերազմում մենակ է մնացել եւ խոստումներ տվող Արեւմուտքը Ուկրաինայի օդը չի փակում՝ ասաց, որ Հայաստանին էլ նույն ճակատագիրն է սպառնում, եթե դավաճանի իր ավանդական դաշնակցին:
Կարդացեք նաև
Պարոն Սահակյանը կարծում է. որ պետությունը փրկելու համար պետք է պետություն-ժողովուրդ միասնություն լինի. «Քանի որ այս օրհասական վիճակի համար պատասխանատվությունն իր վրա վերցրել է ընդդիմությունը, ժողովուրդը պետք է հասկանա, որ ընդդիմության նշած ծրագրով պետք է առաջ գնա: Պետք է համաժողովրդական այնպիսի մթնոլորտ ու իրավիճակ լինի բոլոր համայնքներում բոլոր ընտանիքներում, գյուղերում, քաղաքներում, որ բոլորը հասկանան՝ Արցախը չի կարելի թողնել միայնակ, որ այնտեղ ապրում են մեր եղբայրները, մեր հայրենակիցները»:
Արա Սահակյանի խոսքով, ընդդիմությունը պարտավոր է ժողովրդին բացատրել, որ այս իշխանությունների նպատակը աշխարհաքաղաքական կուրսի փոփոխություն է, ավելի կոնկրետ՝ դուրս շպրտել Ռուսաստանին ռեգիոնից եւ նրա փոխարեն բերել Թուրքիային:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ