ԱԺ լիագումար նիստում այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, նկատի ունենալով ընդդիմադիր խմբակցությունների բոյկոտը, շեշտեց, որ նախագծերից մեկի հարակից զեկուցողն ընդդիմադիր գործընկեր է, բայց ներկա չէ․ ավելին՝ «Հայաստան համահայկական հիմնադրամի» կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը կես տարով երկարաձգելու հարցը պետք է քննարկվեր, սակայն ընդդիմությունը չկա, եւ դա այն դեպքում, երբ այդքան կարեւորում էին հանձնաժողովի աշխատանքը։
Հիշեցնենք՝ ընդդիմադիր երկու խմբակցություններն այսօր հայտարարեցին, որ չեն մասնակցելու այս շաբաթվա նիստերին, մեկնելու են Արցախ եւ ՀՀ սահմանամերձ բնակավայրեր, իսկ ԱԺ ամբիոնին փակցրին Արցախի դրոշը։
«Հուսամ ինձ լսում են։ Ցավում եմ, որ այստեղ չեն։ Առանց իրենց մի քիչ անհետաքրքիր է անցնում, բայց չեմ ուզում գնահատական տալ բոյկոտի որոշմանը։ Մյուս անգամ, երբ կխոսենք հրատապությունից եւ կարեւորությունից, նկատի ունենանք, որ մեր գործընկերներն իրենց իսկ առաջարկած կարեւոր հարցերի դեպքում նախանձելի անհետեւողականություն են ցուցաբերում»,-նշեց Բաբկեն Թունյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ