Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շնորհավորել է դեսպան Ռիխտերին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ, կարևորել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը:
Կողմերը վերահաստատել են տնտեսական համագործակցության ակտիվացման ուղղությամբ ընթացիկ աշխատանքների շարունակականությունն ապահովելու հանձնառությունը, քննարկել Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ կատարել երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղություններին: Երկուստեք կարևորվել են համատեղ ջանքերը՝ ակտիվացնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ տնտեսական փոխգործակցությունը:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում գերմանական կողմը գոհունակություն հայտնելով «ԹՈՒՄՈ» կենտրոնի՝ Գերմանիայում պաշտոնական բացման կապակցությամբ, ընդգծել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ջանքերը «ԹՈՒՄՈ»-ի նախագծի առաջմղման գործում՝ նշելով, որ հայ-գերմանական երկկողմ հարաբերություններում ՏՏ ոլորտը հեռանկարային է, ինչը նաև կայուն հենք է համագործակցության նոր ուղղությունների նախանշման գործընթացում:
ՀՀ կառավարություն