«Այս աղետը կանխելու բոլոր միջոցները պետք է օգտագործել։ Ավելի առաջ գնալու համար կա՞ հնարավորություն, որ ապառիկ խաղադրույքը եւս հնարավոր լինի արգելել։ Այդ բիզնեսին լավ չեմ տիրապետում, բայց գիտեմ, որ ժամանակին պատանիները խաղադրույք էին անում՝ հետո վճարելու պայմանով, ինչը բերում էր ողբերգության։ Պետք է իրենց տները վաճառեին, որ երեխայի համար փրկագինը վճարեին։ Եթե հիմա կա նման բան, հնարավո՞ր է, որ այս նախագծին սա էլ ավելացնենք»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հարցադրում արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Քննարկվում է ՔՊ-ի հեղինակած՝ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է օրենքն ընդունվելուց 10 օր հետո արգելել բուքմեյքերական հաշիվները կանխիկ ձեւով լիցքավորելը, իսկ 6 ամիս հետո նաեւ հնարավոր չի լինելու լիցքավորել էլեկտրոնային դրամապանակով․ ստացվում է, որ 6 ամիս հետո մարդիկ կարող են բուքմեյքերական հաշիվները լիցքավորել միայն անկանխիկ եղանակով:
Նախագծի հեղինակ եւ զեկուցող, ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը պատասխանեց, որ այս նախագիծն էականորեն կսահմանափակի նման իրավիճակների ի հայտ գալը․ «Բուքմեյքերական հաշիվ ունենալու համար չափահաս լինելը պարտադիր է, բանկային հաշիվ ունենալու համար եւս տարիքային շեմ կա։ Անչափահասների մասնակցությունն անհնար կլինի։ Եթե կխաղան այլ քարտային հաշիվներով, ենթադրաբար, դրանք կլինեն ծնողներինը, հետեւաբար՝ դա որոշակի վերահսկողության տակ է առնվելու»։
Բագրատյանը նշեց՝ իր համար հասկանալի է բացատրությունը, բայց խնդիրն այլ կողմ էլ ունի․ «Որոշ թաղամասերում հեռախոսով խաղադրույք են ընդունում։ Խաղադրույք անողները հաճախ չունեն այդ միջոցները, բայց ռիսկի են դիմում։ Կազմակերպիչները, վստահ լինելով, որ անվտանգային ռեսուրս ունեն, որ կխլեն կամ կպարտադրեն վճարել, գնում են քայլերի, որոնք բերում են հանցագործությունների։ Այդ «ապառիկ կանխիկը» չեզոքացնելու հնարավորություն կա՞»։
Կարդացեք նաև
Գեւորգ Պապոյանը պատասխանեց․ «Եթե կանխիկը վերացնում ենք, ձեր ասածն ինքնաբերաբար չի լինում, իմաստը չկա։ Վստահ եմ, որ այս նախագծի ընդունումից հետո բուքմեյքերական գրասենյակներ կոչվածները կփակվեն, որովհետեւ նպատակ ունեն կանխիկով խաղադրույք ընդունելու»։ Պատգամավորը նաեւ շեշտեց՝ փաստ է, որ հաճախ գողություն են անում, գողոնը որպես խաղադրույք դնում կամ գողոնը վաճառում եւ կանխիկով խաղադրույք անում, պարտվում․ «Սա ֆանտաստիկ, խելագարվելու սցենար է, եւ սա ազգային անվտանգության խնդիր է։ Այս սցենարն այլեւս հնարավոր չի լինելու իրագործել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ