Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա ինչի՞ չեն գնում Ստեփանակերտ, ի՞նչ գործ ունեն ասֆալտի վրա ճոռոմաբանությամբ զբաղվելով». Իշխան Սաղաթելյանը՝ ՔՊ-ին

Ապրիլ 12,2022 13:41

Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել է, որ այս քառօրյային բոյկոտում է ԱԺ աշխատանքները ու չի գալու նիստերի: Այս հայտարարությանը հետեւեցին ՔՊ-ականների արձագանքները՝ մանդատները վայր դրեք, ձեր շեֆերին ասեք՝ թող վերադառնան Արցախ եւ այլն:

Հայկ Մամիջանյան

Լրագրողների հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն ասաց. «Այն ժամանակ, երբ Արցախը մեր պատասխանատվության տակ էր, կարելի էր եւ Ղազանչեցոց գնալ, եւ անվտանգ Սյունիքով անցնել եւ ամբողջ Արցախով մեր հայրենակիցները ազատորեն շրջում էին: Ցավալի է, որ ՀՀ իբր իշխող խմբակցության պատգամավորները բոյկոտում են Արցախը, միայնակ են թողնում Արցախը: Դրոշը պայքար չի կարող լինել, դա ընդամենը խորհրդանիշ է, իսկ մնացած պայքարի քայլերը դուք դեռ կտեսնեք: Արցախը վտանգվում է սրանց գոյությամբ, իրենց լինելով»:

Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն էլ ասաց. «Իրենք արդարացում են իրենց անգործությունը, պարտվողական քաղաքականությունը: Արցախը վտանգել են ու շարունակում են վտանգել իրենք՝ իրենց գործունեությամբ: Ասում են՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը չենք պաշտպանում, որ ավելի շատ տարածքներ չկորցնենք, Արցախից չեք խոսում, որովհետեւ դա վտանգավոր է, այսինքն, ակնհայտ է, որ օրվա իշխանությունները երկիրը տանում են նոր կապիտուլյացիայի: Հերթական անգամ մեր ժողովրդին խաբում են, Ալիեւով վախեցնում»:

Նա ասաց, որ առաջիկա օրերին լինելու են Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում ու Արցախում, այսինքն, այնտեղ, որտեղ կան անվտանգային հարցեր: Հանդիպելու են բնակիչների հետ, հավանաբար կլինեն խորհրդարանական լսումներ՝ Արցախի թեմայով. «Եթե օրվա իշխանությունը հեռացել է այդ օրակարգից, մենք իրավունք չունենք: Պետք է հանրության ուշադրությունը սեւեռենք Արցախի վրա»:

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ պայքարը սկսում են զրոյից: Ըստ նրա, այս օրերին մեր հայրենակիցները իրենք պատասխանն են տալիս այն հայտարարություններին, թե իրենք ունեն մանդատ՝ երկիրը նոր զիջումների տանելու: Քննադատություններին, որ դրոշը ԱԺ-ում դնելով Արցախը չեք պաշտպանում, շոուներ են դրանք՝ Սաղաթելյանը պատասխանեց. «Այն մարդը, ով Արցախի դրոշը բարձրացնելուց նոպաներ է ունենում, դա իր պրոբլեմն է: Ձեւական ակցիաներ չեն, շատ հստակ քաղաքական ու ժողովրդական ուղերձ է ե՛ւ դրսի երկրներին, ե՛ւ օրվա իշխանություններին»:

ՔՊ-ականների դիտարկմանը, որ Արցախը Երեւանի կենտրոնում չեն փրկում, Ստեփանակերտում են փրկում՝ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Բա ինչի՞ չեն գնում Ստեփանակերտ, ի՞նչ գործ ունեն ասֆալտի վրա ճոռոմաբանությամբ զբաղվելով»:

Նա նաեւ հայտարարեց, որ ով Արցախի դրոշի նկատմամբ ոտնձգություն անի, Ալիեւից ու թուրքերից ոչնչով չի տարբերվում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930