Լրահոս
Օրվա լրահոսը

«Բիզնեսին չեն նայում որպես պետությանը պահող անձնավորություն: Ո՞վ է աշխատավարձ տալիս պետական չինովնիկին, իհարկե՝ բիզնեսը»

Ապրիլ 12,2022 13:30

«Մենք հիմնականում սփյուռքից փող ենք ուզում: Ցավոք սրտի սփյուռքի նկատմամբ շատ սպառողական մոտեցում ունենք, շահագործում ենք սփյուռքի էմոցիոնալ կապվածությունը հայրենիքի հետ ու անընդհատ ուզում ենք, ինչը շատ վիրավորական է»,-ասում է Մանթաշյանց գործարարների միության հիմնադիր-նախագահ Վահրամ Միրաքյանը:

Նրա խոսքով, սփյուռքում կա հիասթափություն ցանկացած հայկական կառույցից: Պարոն Միրաքյանը վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ մեկնել էր սփյուռքի հայ գործարարներին միավորելու նպատակով: Ասում է՝ երկրում ստեղծված իրավիճակից հետո սփյուռքի գործարարներն էլ կարծես թե հիասթափված են, ինչի մասին վկայում է ներդրումների բացակայությունը:

Ինչպես Վահրամ Միրաքյանն է ասում, այս անգամ սփյուռքից ոչ թե փող ուզելու էին գնացել, ինչպես մինչ այժմ եղել է, այլ՝ դրսի մեր գործարարներին գործնական առաջարկներ անելու, որպեսզի նրանք էլ հայրենիքից եւ առհասարակ մի օգուտ ստանան, բիզնես-կապեր ստեղծեն ու համատեղ ուժերով Հայաստանը ոտքի կանգնեցնեն:


Վահրամ Միրաքյանին հանդիպեցինք հանգստյան օրերին՝ Ծաղկաձորում կազմակերպված բիզնես-միջոցառման ժամանակ, որին միության անդամ մոտ 200 հայ գործարարներ էին մասնակցում: Վահրամն ասում է, որ Մանթաշյանցի գործարարներն արդեն 13-րդ անգամ են այսպիսի մեծ կազմով հավաքվում եւ ամեն անգամ միության անդամների թիվն ավելացած է լինում: Նրա համոզմամբ, միությունով ավելի արդյունավետ են լուծում բիզնեսի առջեւ ծառացած խնդիրներն ու մարտահրավերները, միավորված ուժերով ավելի լավ են կարողանում «վերեւներին» հասցնել խնդիրներն ու համակարգված լուծում պահանջել:



Ասում է, որ ամեն ամիս էկոնոմիկայի նախարարի հետ պայմանավորվածություն ունեն հանդիպելու, խնդիրների մասին բարձրաձայնելու: Ծաղկաձորի միջոցառմանն էլ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ նման պայմանավորվածություն ձեռք բերեցին: Պարոն Միրաքյանի խոսքով, միության անդամ գործարարները միլիոնների նախագծեր են ունենում, որոնք քաղաքային իշխանությունների բյուրոկրատիայի կամ այլ պատճառներով տեղում դոփում են, եւ դրանց արագ լուծումներ տալու համար էլ նախաձեռնել են քաղաքապետի հետ մշտական հանդիպումները:

Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյան

Գործարները բիզնես միջոցառմանը եկել էին ընտանիքներով: Վահրամ Միրաքյանի խոսքով, հատուկ են այդպես կազմակերպել, որ միության, գործարարների ներսում ավելի մտերմիկ մթնոլորտ ձեւավորվի, որ մարդիկ ընկերություն, բարեկամություն անեն միմյանց հետ, ընտանիքներով շփվեն. «Ընկերություն ունենք, որ մեկուկես տարվա ընթացքում շրջանառությունը կրկնապատկել է, կա ընկերություն, որ հենց ակումբի ներսում պայմանավորվածությունների արդյունքում մեկ միլիոն դոլարի վաճառք է արել: Այսպիսի ակումբների միջոցով գործարարները կարողանում են միանգամից ոլորտային համայնքին մուտք ունենալ, մեկ զանգի միջոցով հարց են լուծում եւ այլն»:

Սակայն, ըստ մեր զրուցակցի, խնդիր է մեր երկրում այդպիսի մեծ միջոցառումներ կազմակերպելը, քանի որ համաժողովների այդպիսի մեծ սրահներ գրեթե չունենք. «Հաճախ չի լինում, որ 200 գործարար հավաքվեն մի տեղ: Չկան այդպիսի դահլիճներ որ տեղավորվենք, մեր թվաքանակն էլ ամեն անգամ ավելանում է: Հաջորդն անելու ենք այս տարվա ամռանը՝ հուլիսի 10-20-ի ժամանակահատվածում Երեւանում, որին կմասնակցեն նաեւ տարբեր երկրներից հայ գործարարներ, որոնց հետ կապեր ենք ստեղծել: Որոնք նաեւ դարձել են մեր միության անդամներն իրենց երկրներում»:

Վահրամի խոսքով, գաղափարն այն է՝ ամբողջ աշխարհի հայ գործարարներին հավաքել Հայաստանում. «Մեկ շաբաթյա ծրագիր ենք անելու, որ ամբողջ աշխարհից հայ գործարարները գան, ծանոթանան Հայաստանի հետ, ծանոթանան հայաստանցի գործարարների հետ, ծանոթանան ոլորտային իշխանության ներկայացուցիչների հետ: Հա՛մ սփյուռք-Հայաստան գործարար կապերը կուժեղանան, հա՛մ անձնական-էմոցիոնալ հարաբերություններ կձեւավորվեն, գումարած՝ մեծ կապեր ու ցանց կձեւավորվի ամբողջ աշխարհով մեկ եւ կդառնա հայ գործարարների համաշխարհային հավաք»:

Անդրադառնալով ստեղծված տրամադրություններին, Վահրամ Միրաքյանն ասաց, որ վերջին պիկը եղել է 44-օրյա պատերազմը, երբ սփյուռքը միավորված, շատ էմոցիոնալ մասնակցեց, մեծ գումարներ ու ջանք ներդրեց, սակայն՝ հիասթափվեց. «Հիասթափությունը տարբեր պատճառներով էր. նախ՝ այդ աջակցության թափանցիկության բացակայությունը՝ սկսած «Հայաստան» համահայկական հիմնադրամից: Մասնավոր լիքը գումար հավաքվեց կրկին թափանցիկության բացակայության պայմաններում, եւ նման հարցերը բերեցին անվստահության: Եվ երկրորդ՝ հիասթափությունը պատերազմի արդյունքի հետ կապված: Քանի որ 30 տարի ներկայացվում էր, որ պետությունն ամեն ինչ անում է, որ ուժեղ բանակ ունենա ու ապահով ապրենք, ասում էին՝ վատ ենք ապրում, որովհետեւ շատ ուժեղ բանակ ունենք, այսինքն՝ բոլոր զրկանքները հիմնավորվում էր ուժեղ բանակի առկայությամբ, եւ պարզվեց զրկանքները կային, ունեցանք, բայց ուժեղ բանակ չունեցանք, դա էլ բերեց հիասթափության: Եվ վատն այն է, որ համայնքից շատերն առանձնանում են»:

Վահրամ Միրաքյանի խոսքով, այդ պատճառով էլ հիմա շատ դժվար է դարձել Հայաստան-սփյուռք նոր նախաձեռնություններով հանդես գալն ու վստահությունը վերականգնելը. «Խոսք կա. ասում են՝ ավելի լավ է նոր հաճախորդ բերես, քան՝ հիասթափված հաճախորդին հետ բերես: Երբ մարդիկ Հայաստանի Հանրապետությունից հիասթափվել են, երկրորդ անգամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ վստահություն առաջացնելը ավելի երկար է, ավելի թանկ է ու ավելի բարդ է: Բավական ծանր աշխատանք է եւ այդ խնդրի հետ մենք առնչվում ենք գործարար ոլորտում, բայց պետք է անենք»:

Հարցին՝ ի՞նչ խնդիրներ, մարտահրավերներ կան բիզնեսի համար, պարոն Միրաքյանը պատասխանեց, որ առաջնային խնդիրը կրթական ու գաղափարների ոլորտում է. «Գործարարների կրթական մակարդակը բարձրացնելու հարցն է, խնդիրը կա, բայց չկա գիտակցությունը դա բարձրացնելու: Գործարարի կողմից չկա գիտակցություն, որ նման խնդիր կա: Օրինակ՝ ինչպես կազմակերպել ներքին կառավարման հարցերը, ինչպես պրոֆեսիոնալ կազմակերպել վաճառքի հարցերը, ինչպես ներդրումներ եւ էժան գումարներ ստանալու հնարավորություն ունենալ եւ այլն: Միայն անցյալ տարի 102 կրթական միջոցառում ենք արել: Այս բիզնես վիքենդին էլ օրինակ՝ հրավիրված էր« Mail.ru» ընկերության տնօրենը, որը պատմեց` ինչպես ներդրումներ անել եւ ներդրումներ ստանալ: Երկրորդ ամենակարեւոր խնդիրը մեր երկրում էժան փողերի հնարավորությունն է: Բիզնեսի արյունատար անոթների հիմնական սնուցողը փողն է, մեզ մոտ փող ստանալու խողովակները քիչ են, հիմնականում վարկային միջոցներ են: Տարբեր երկրներում փող ստանալու միջոցները շատ են, իսկ վարկային միջոցը, բավական թանկ փող է: Երրորդ խնդիրը պետական բյուրոկրատիան է, երբ բիզնեսի հարցերն առնչվում են պետությանը, այդ հարցերը շատ ձգվում են, երկարացվում են: Բիզնեսին չեն նայում որպես պետությանը պահող անձնավորություն:

Իրականում բիզնեսն է պետությանը պահում, ո՞վ է աշխատավարձ տալիս պետական չինովնիկին՝ բիզնեսը, ո՞վ է փող տալիս պետական չինովնիկին, որ իրենց համար ուղեկցող մեքենաներ գնեն ու մարդկանց աշխատավարձ տան, իհարկե՝ բիզնեսը: Բիզնեսն իր գրպանից, իր աշխատանքով է վճարում այդ ամենը»:

Վահրամ Միրաքյանի խոսքով, այդ մոտեցումն ԱՄՆ-ում շատ ընդգծված է. «Այնտեղ առաջնայինը բիզնեսի խնդիրներն են, որովհետեւ նրանք հասկանում են, որ երկիրը բիզնեսն է պահում եւ, հետեւաբար, եթե բիզնեսի խնդիր կար, առաջնային այդ են լուծում: Մեզ մոտ էլ բիզնեսի խնդիրները պետք է առաջնային դառնան»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930