Ծաղկաձորի Օրբելի եղբայրների տուն-թանգարանում կազմակերպվել էր արցախցի պատանի նկարիչ, Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցի XI-րդ դասարանի աշակերտ Միքայել Գրիգորյանի՝ «Հայրենիքիս կանչը» խորագրով կտավների ցուցահանդեսը, որը նվիրված էր 44-օրյա պատերազմի մեր անմահ հերոսների հիշատակին։
Միքայելը Արցախի Թալիշ գյուղից է. քառօրյա պատերազմից հետո տեղափոխվել էին Հրազդան: Տղան սովորում է Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցում:
Նկարելու տաղանդը բացահայտել է նրա պատմության ուսուցչուհին՝ Լիանա Փիրումյանը և դպրոցի տնօրեն Սոնա Մարկոսյանի ու նրա դասղեկի հետ որոշել ու կազմակերպել են մեր արցախցի հայրենակցի անհատական ցուցահանդեսը նախ Ծաղկաձորում, ապա՝ Հայաստանի նկարիչների միությունում:
Կտավների թեման տարբեր է՝ Հովսեփ Օրբելու դիմանկարներից մինչև պատերազմով անցած հայրենիքի պայքար, անպատասխան մնացած օգնության կանչ, կարոտ և կորսված հայրենիքը հետ վերադարձնելու հավատ:
Կարդացեք նաև
Միքայելի ուսուցիչներն ու տնօրենն ասում են, որ իրենց նպատակն է, որպեսզի հանրությունը ճանաչի տաղանդավոր տղային ու նրա ստեղծագործությունները:
Շնորհավորում ենք Միքայելին և մաղթում ստեղծագործական նորանոր հաջողություններ:
Կոտայքի մարզպետարան