Ավարտվեց ապրիլի 1-ից մեկնարկած Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը, որը նպատակ ուներ բարձրացնել երեխաների՝ գրքի ու ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը, ճանաչել մեր կողքին ապրող ու ստեղծագործող գրողներին:
Շաբաթի շրջանակում գրադարանում կազմակերպվել են ցուցահանդեսներ, ցերեկույթներ, գրքի քննարկումներ, հայ ժամանակակից գրողների հեքիաթների շուրջ հեքիաթապատումներ, երաժշտական ունկնդրումներ, ինտերակտիվ խաղեր ու թատերական ներկայացումներ:
Գրադարանում տոնեցին տարվա հոբելյարների՝ մանկագիր Յուրի Սահակյանի 85 ու գուսան Շերամի 165-ամյակները: Այս տարի լրանում է նաև ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի «80 օր աշխարհի շուրջ» գրքի 180-ամյակը, որի շրջանակում գրադարանում անցկացվեց գրքի տեսությունը։ Ապրիլի 7-ին տեղի ունեցավ Մայրության և գեղեցկության օրվան նվիրված ցերեկույթ, որի ժամանակ գրադարանի ակտիվ ընթերցողները կատարեցին մայրերին նվիրված երգեր, ընթերցեցին բանաստեղծություններ, բեմադրեցին թատերական ներկայացում: Շաբաթի ընթացքում կազմակերպվեց այցելություն Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն, որտեղ հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակում ծառատունկ իրականացվեց:
Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթի փակումը տեղի ունեցավ ապրիլի 8-ին, որի շրջանակում կազմակերպված գրական ցերեկույթին հրավիրվել էին ժամանակակից հայ մանկագիրները՝ ՀԳՄ նախագահ Է.Միլիտոնյանը, «Ծիծեռնակ» մանկական ամսագրի գլխավոր խմբագիր Ա. Վարդանյանը, Ս. Ղազարյանը, Օ. Դարյանը, Ա. Հովսեփյանը և Մ. Սարգսյանը:
ՀՀ ԱԺ